Google-ը հայտարարել է Gemini 2.5 Pro արհեստական բանականության մոդելի թողարկման մասին՝ այն անվանելով «իր ամենախելացի մոդելը»։ Նորույթն ունի տվյալների վերլուծության, ծրագրավորման և բարդ խնդիրների լուծման բարձր արդյունավետություն՝ ապահովելով մինչև 1 միլիոն տոքենի ծավալով համատեքստային հիշողություն։
Gemini 2.5 Pro-ի առանցքային առանձնահատկությունը, ինչպես ամբողջ Gemini 2.5 շարքի մոդելներինը, նրա եզրակացություններ կատարելու ունակությունն է։ Այն նախ «մտածում» է, ապա օգտատիրոջը ներկայացնում առավել ճշգրիտ պատասխան։ Սակայն, ի տարբերություն նախորդ սերնդի մոդելների, Google-ն այլևս չի օգտագործում Thinking (մտածողության ցուցադրում) պիտակը։ Այդուհանդերձ, օգտատերերը կարող են ձեռքով ակտիվացնել «խորհելու բարձրաձայն» ռեժիմը՝ մոդելի տրամաբանության ընթացքը տեսնելու համար։
Google-ը նշում է, որ Gemini 2.5 Pro-ն զգալիորեն գերազանցել է նախորդ տարբերակներին՝ շնորհիվ բազային մոդելի կատարելագործման և հետբազմապատրաստման գործընթացների։ Մոդելն առաջատար դիրք է զբաղեցրել LMArena վարկանիշում, որը գնահատում է ԱԲ համակարգերը՝ ըստ օգտատերերի նախընտրությունների։ Այն նաև գերազանց արդյունքներ է գրանցել մաթեմատիկայի (AIME 2025) և գիտության (GPQA diamond) թեստերում։
Բացի այդ, Gemini 2.5 Pro-ն սահմանել է ռեկորդ Humanity’s Last Exam (մարդկության վերջին քննություն) թեստում, որը գնահատում է ԱԲ-ի հնարավորությունների սահմանները գիտելիքի և տրամաբանության ոլորտներում։ Մոդելն առանց հավելյալ գործիքների հասել է 18,8% արդյունքի, ինչը պատմական ցուցանիշ է։
Gemini 2.5 Pro-ն զգալի բարելավումներ է ստացել ծրագրավորման ոլորտում, հատկապես՝ վեբ հավելվածների ստեղծման և կոդի խմբագրման տեսանկյունից։ Մոդելը բարձր արդյունք է գրանցել SWE-Bench Verified թեստում՝ ստանալով 63,8%, ինչը հնարավոր է դարձել ԱԲ-ի գործակալային (agent-based) մոտեցման շնորհիվ։
Բացի այդ, մոդելն ունի բազմամոդալ հնարավորություններ՝ կարողանում է մշակել տեքստ, աուդիո, պատկերներ, տեսանյութեր, ինչպես նաև վերլուծել խոշոր տվյալաշտեր և ծրագրային կոդի ամբողջական ռեպոզիտորիաներ։
Google-ը հայտարարել է, որ մոդելի կոնտեքստային պատուհանը, որը ներկայումս կազմում է 1 միլիոն տոքեն, ապագայում կհասնի 2 միլիոնի։ Հաջորդ շաբաթների ընթացքում Gemini 2.5 Pro-ը հասանելի կլինի Vertex AI պլատֆորմում, իսկ հետագայում Google-ը կներկայացնի ԱԲ-ի օգտագործման գնային քաղաքականությունը լայնածավալ նախագծերի համար։
Ներկայում մոդելը հասանելի է միայն վճարովի բաժանորդներին և մշակողներին՝ փորձարկման փուլում։