GITC-ն և Պոլիտեխնիկական համալսարանը կհամագործակցեն

Վերջին լուրերը
GITC-ն և Պոլիտեխնիկական համալսարանը կհամագործակցեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փետրվարի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) տնօրեն Ամալյա Եղոյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար կրթության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

Ըստ հուշագրի կողմերը համատեղ կմշակեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր կրթական ուղղություններ՝ ներգրավելով միջազգային համալսարանների, կխթանեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեխնոլոգիական ուղղություն ընտրած ուսանողների համար կրթաթոշակների տրամադրումը ՀՕՖ-ի աջակցությամբ, Պոլիտեխնիկական համալսարանի բոլոր մասնաճյուղերում կներգրավեն բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և դոնոր կազմակերպությունների և այլն։ Համագործակցության արդյունքում աշակերտները ձեռք կբերեն մի շարք ճարտարագիտական սարքերի հետ աշխատելու հմտություններ, կստանան ինժեներական տարբեր նախագծեր ինքնուրույն մոդելավորելու, զարգացնելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ գիտելիքներ։

- Advertisement -
GITC-ն և Պոլիտեխնիկական համալսարանը կհամագործակցեն

Հուշագրի կնքման արարողությանը ներկա էին Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն, կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանը, դեկաններ, դասախոսներ, ծրագրի մասնակից գյումրեցի աշակերտներ, ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտներ, ուսանողներ և այլն։

Ռեկտոր Գ․ Վարդանյանը իր խոսքում նշեց․ «Կարևորում ենք նմանօրինակ համագործակցությունը, քանզի հուշագրի ստորագրման արդյունքում հնարավորություն կունենանք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրում, Գյումրու, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերում ներդնել և զարգացնել ինժեներական կրթական լաբորատորիաներ և կրթական ծրագրեր ավագ դպրոցի մեր աշակերտների համար։ Պոլիտեխնիկի առանցքային խնդիրներից է մարզերում աջակցել տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանը, աշակերտների շրջանում խորացնել ինժեներական կրթության վերաբերյալ պատկերացումներն ու գիտելիքները, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի մարզային երիտասարդների համար իրենց մասնագիտական ապագան տեսնել ինժեներական կրթությամբ, որի շնորհիվ էլ կարող են լավ աշխատանք ունենալ սեփական հայրենիքում, մարզում և համայնքում։ Չնայած այն հանգամանքին, որ այսօր հանդիպել ենք Երևանի կրթահամալիրում, այս նախաձեռնության առանցքային զարգացումը լինելու է մարզերում»։ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության, համագործակցության համար և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կձևավորվեն լաբորատոր ենթակառուցվածքները և հաջողությամբ կներգրավվեն որակյալ մասնագետներ, ովքեր կապահովեն մեր երիտասարդների առաջընթացը և ինժեներական կրթության հանդեպ սերը։

Ա․ Եղոյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու համար նշելով․ «Մեկ տարի առաջ Հայ կրթական հիմնարկության ֆինանսավորմամբ՝ Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներդրվեց «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար պիլոտային կրթական ծրագիրը։ Հատուկ ինժեներական լաբորատորիաների տեղադրումից հետո իրականացվեց բոլորովին նոր ինժեներական կրթական ծրագիր, որին մասնակցեցին մի շարք ավագ դպրոցների աշակերտներ, այդ թվում նաև Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի Ավագ դպրոցի աշակերտները։ Ծրագրի նպատակն է բարձրացնել պոլիտեխնիկական, ինժեներական կրթության հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների մոտ՝ տրամադրելով արդիական և մրցունակ ինժեներական հմտություններ: Ապրելով իրենց համայնքում՝ ուսանողները կկարողանան շարունակել բուհական կրթությունը, ստացած գիտելիքները ծառայեցնել բանակին և ունենալ գիտելիքների ամբողջականություն»։

Ըստ Ա․ Եղոյանի հուշագրի ստորագրմամբ համագործակցությունը կընդլայնվի և Երևանում, Վանաձորում և Կապանում նույնպես կներդրվի այս կրթական ծրագիրը՝ դառնալով  Պոլիտեխնիկի ավագ դպրոցի անբաժանելի մաս։

ՀՕՖ-ի փոխտնօրեն Էդուարդ Կարապետյանը նշեց, որ իրենք ուրախ են մաս կազմել այսօրինակ կարևորագույն ծրագրին և միշտ պատրաստ են աջակցել ուսանողներին կրթական ու մասնագիտական առաջխաղացման բնագավառներում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները