Firebird-ը հայտարարում է Հայաստանում AI մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկը՝ այն հասցնելով 4 մլրդ դոլարի և 50 հազար GPU-ի

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

ԱՄՆ-ում հիմնված արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերությունը՝ Firebird-ը, հայտարարել է Հայաստանում իրականացվող AI գերհաշվողական մեգանախագծի երկրորդ փուլի մասին։ Ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման և կարգավորող թույլտվությունները՝ Հայաստան լրացուցիչ 41 հազար NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսոր (GPU) մատակարարելու համար։

Ընդլայնված հաշվարկային կլաստերը Հայաստանը դիրքավորում է աշխարհում AI GPU-ների խոշորագույն հնգյակում։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 4 մլրդ դոլար և համարվում է երկրի պատմության տեխնոլոգիական ուղղվածությամբ ամենախոշոր ներդրումներից մեկը։

Հայտարարությունն արվել է Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցի ընթացքում կայացած ճեպազրույցում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, NVIDIA-ի Omniverse և մոդելավորման տեխնոլոգիաների փոխնախագահ Րև Լիբարիդյան, Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովագիմյան և Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է,- «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտներում ստորագրված հուշագիրը կյանքի կկոչի Firebird ընկերության մեգանախագիծը՝ Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ուղղությամբ։ Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա առավել ամրապնդել հայկական և ամերիկյան ընկերությունների փոխշահավետ կապերը»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է. «Այսօր սկսվում է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր փուլ։ Սա բացառիկ տեխնոլոգիական համաձայնագիր է, որը ԱՄՆ-ն հպարտությամբ հաստատել է NVIDIA-ի համար։ Այն ստեղծում է նոր շուկաներ և աշխատատեղեր ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում։ Խոսքը չիպերի մասին է, որոնք աշխարհի շատ երկրներում պարզապես հասանելի չեն, և այժմ այդ տեխնոլոգիաները հասանելի են Հայաստանում»։

Firebird-ը հայտարարում է Հայաստանում AI մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկը՝ այն հասցնելով 4 մլրդ դոլարի և 50 հազար GPU-ի

Նոր արտահանման լիցենզիան թույլ է տալիս Հայաստան ներմուծել առաջատար NVIDIA սարքավորում՝ ապահովելով նախագծի լիարժեք համապատասխանությունը ԱՄՆ կարգավորիչ պահանջներին և ընդգծելով նախաձեռնության նկատմամբ բարձր ինստիտուցիոնալ վստահությունը։

Երկրորդ փուլը հիմնվում է Firebird-ի նախապես հայտարարված առաջին փուլի վրա, որի շրջանակում իրականացվել էր 500 մլն դոլարի ներդրում՝ ձևավորելով Հայաստանում առաջին բարձր արդյունավետությամբ AI հաշվարկային կլաստերը։ Երկու փուլերը միասին զգալիորեն ընդլայնում են երկրի տեխնոլոգիական ենթակառուցվածքները՝ հնարավորություն ստեղծելով հետազոտությունների կյանքի գիտությունների, ռոբոտաշինության, տիեզերական տեխնոլոգիաների և նոր սերնդի AI կիրառությունների ոլորտներում։

Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանը նշել է, որ Firebird-ը նպաստում է ԱՄՆ AI տեխնոլոգիական առաջնորդության տարածմանը՝ համահունչ իրենց տեսլականին՝ հասանելի դարձնել արհեստական բանականությունը բոլորին։ «Նոր կլաստերը Հայաստանը դարձնում է համաշխարհային գերհաշվողական կենտրոն՝ ցույց տալով, թե ինչպես կարող է վստահելի ամերիկյան ենթակառուցվածքը խթանել զարգացող տնտեսությունները»։

Ընկերության գնահատմամբ՝ մեգանախագիծը միտված է Հայաստանում կայուն և գլոբալ մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորմանը՝ հիմնված անվտանգ ենթակառուցվածքների, միջազգային գործընկերությունների և երկարաժամկետ տնտեսական արժեքի վրա։

Firebird-ը, որը հիմնված է ԱՄՆ-ում, զբաղվում է AI ամպային և ենթակառուցվածքային լուծումների մշակմամբ՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգ, մասշտաբային և հասանելի հաշվարկային ռեսուրսներ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները