Կենտրոնական բանկի կարգավորիչ պահանջներին համապատասխան՝ EasyPay վճարային տերմինալներում այսուհետև անհրաժեշտ կլինի անցնել նույնականացում բանկային որոշ գործարքների՝ մասնավորապես ավանդի, քարտի և հաշվի համալրումների իրականացման համար։
Վճարային տերմինալում կառաջարկվի անցնել նույնականացում երկու եղանակներից մեկով՝ easywallet հավելվածով և imID-ով։
easywallet-ով նույնականանալիս տերմինալի էկրանին կցուցադրվի QR կոդ․ անհրաժեշտ կլինի մուտք գործել easywallet հաշիվ, սքանավորել QR կոդը և հաստատել հավելվածում բացված պատուհանը։
imID-ով նույնականանալիս անհրաժեշտ կլինի մուտքագրել այն հեռախոսահամարը, որով բջջային օպերատորի հետ հաճախորդն ակտիվացրել է imID նույնականացումը։ Ապա հաճախորդի հեռախոսում կբացվի պատուհան, որում նա կկարողանա մուտքագրել իր imID PIN կոդը։
Գործարքի ավարտից հետո հաճախորդը կարող է կատարել նոր գործարքներ՝ առանց կրկնակի նույնականացման։
Կարևոր է իմանալ, որ նույնականացման տվյալները փոխանցվում են միայն նույնականացման համապատասխան համակարգին։ Տվյալների մշակումն իրականացվում է գործող իրավական և տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։












