Հայ հիմնադիրներ ունեցող DeepSat ստարտափը հայտարարել է, որ ստացել է գլխավոր պայմանագիր ԱՄՆ Հրթիռային պաշտպանության գործակալության SHIELD անորոշ առաքմամբ/անորոշ քանակով (IDIQ) պայմանագրի շրջանակներում, որի ընդհանուր առավելագույն արժեքը կազմում է 151 միլիարդ դոլար։
Պայմանագիրը ներառում է առաքելության լայն շրջանակ և նախատեսված է նորարարական, դիմացկուն հնարավորությունների արագ մատակարարման համար, որոնք կբարելավեն երկրի պաշտպանությունը և կաջակցեն ԱՄՆ ազգային անվտանգության նպատակներին՝ զարգացնելով կարողությունները։
Պայմանագրի ընթացքում DeepSat-ը կօգտագործի իր փորձը իրական ժամանակում աշխատող տիեզերական համակարգերի, ուղեծրում կիրառվող արհեստական բանականության և ինտեգրված պաշտպանական լուծումների ոլորտում՝ աջակցելու գործակալության զարգացող օպերացիոն պահանջներին։
DeepSat-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ներսես Օհանյանը նշել է, որ սա ընկերության համար կարևոր իրադարձություն է,- «Սա արտացոլում է մեր տեխնոլոգիայի ուժը, մեր առաքելությանը կենտրոնացած մոտեցումը և մեր հանձնառությունը՝ ապահովելու դիմացկուն, նոր սերնդի հնարավորություններ, որոնք կպաշտպանեն երկիրը և կաջակցեն մեր պաշտպանական գործընկերներին»։
IDIQ (Indefinite-Delivery/Indefinite-Quantity) պայմանագիրը գնումների ճկուն մեխանիզմ է, որը նախատեսում է անորոշ ժամանակահատվածում անորոշ քանակությամբ ծառայությունների կամ ապրանքների մատակարարում: Այն գործում է որպես շրջանակային համաձայնագիր, որով պատվիրատուն (սովորաբար պետական գերատեսչությունը) նախապես որակավորում է վստահելի մատակարարների ցանկը՝ առանց անմիջապես կոնկրետ ծավալներ պատվիրելու: Հետագայում, ըստ առաջացած կարիքների, այդ ցանկում ներառված ընկերությունները մրցում են առանձին առաջադրանքների (task orders) համար, ինչը թույլ է տալիս պետությանը գործել օպերատիվ՝ խուսափելով ամեն անգամ նոր և երկարատև տենդերային գործընթացներից։
Ի՞նչ է DeepSat-ը
DeepSat-ի արբանյակները մոնիտորինգ են կատարում ցածր ուղեծրում (VLEO)։ Հարթակը արհեստական բանականության միջոցով հնարավորություն է տալիս ստանալ կայուն, իրական ժամանակում Երկրի հետախուզություն կարևորագույն առաքելությունների համար, օրինակ՝ նավերի հայտնաբերում, էներգետիկ ենթակառուցվածքների մոնիտորինգ և աղետների գնահատում՝ քաղաքացիական, առևտրային և պաշտպանական ոլորտներում:












