ChatGPT բջջային հավելվածն այժմ կարող է որոնում կատարել համացանցում, սակայն Bing որոնողական համակարգի միջոցով: Որոնումը հասանելի է դարձել նոր Browsing գործառույթի օգնությամբ:
ChatGPT Plus-ի՝ հավելվածի պրեմիում տարբերակի օգտատերերը այժմ կարող են չատ-բոտում տեղեկատվություն որոնել Bing-ի միջոցով՝ շնորհիվ նոր Browsing գործառույթի, հայտնում է TechCrunch-ը՝ հղում կատարելով OpenAI-ին:
Browsing գործառույթը կարելի է միացնել հավելվածի կարգավորումների «Նոր հնարավորություններ» բաժնում, ընտրել GPT-4 մոդելը և սեղմել «Փնտրել Bing-ով» տարբերակը: Որոնումը հասանելի է ChatGPT հավելվածում ինչպես iOS-ի համար, այնպես էլ Android-ի:
Ըստ OpenAI-ի՝ Browsing-ը կարող է օգտակար լինել ընթացիկ և «ChatGPT-ի ուսուցման նախնական տվյալների սահմաններից դուրս եկող» հարցումների համար: Եթե գործառույթն անջատված է, ChatGPT-ի «գիտելիքները» մինչև 2021 թվականն են:
Browsing-ը ChatGPT-ն է՛լ ավելի օգտակար է դարձնում, հատկապես հետազոտությունների համար, հայտնում է TechCrunch-ը:
Այն մասին, որ Microsoft-ը Bing-ն ավելացնելու է ChatGPT-ում, հայտնի էր դարձել մայիսի վերջին: Ավելի ուշ գործառույթը հասանելի կլինի ոչ միայն պրեմիում տարբերակում, այլ նաև սովորական չատ-բոտում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: