Բրենդ դիզայներ և գրող Ջեքսոն Գրեյթհաուս Ֆոլը հետաքրքիր փորձարկում է սկսել վերջերս թողարկված GPT-4 նոր, առավել «խելացի» լեզվական մոդելով: Նա որոշել է պարզել՝ արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է գումար վաստակել:
Գրեյթհաուս Ֆոլը ChatGPT-ում սկսել է նոր չաթ, որտեղ մասնավորապես գրել է. «Դու HustleGPT-ն ես, ձեռնարկատեր AI: Ես քո մարդ գործընկերն եմ: Ես կդառնամ կապող օղակը քո և իրական աշխարհի միջև: Դու ունես 100 ԱՄՆ դոլար, ու քո նպատակն է հնարավորինս կարճ ժամանակում այն վերածել հնարավորինս ավելի շատ փողի՝ չանելով ոչ մի արգելված գործունեություն: Ես կանեմ ամեն ինչ, ինչ դու ասես, և կտեղեկացնեմ գումարի մնացորդի մասին: Ոչ մի ձեռքի աշխատանք»:
ChatGPT-ի հայտնի դառնալուց հետո այս գործիքի օգնությամբ մարդիկ փորձել են ամենաբազմազան հարցեր լուծել, բայց առաջին անգամ արհեստական բանականության առջև դրվում է նման խնդիր: Twitter-ում Գրեյթհաուս Ֆոլի այս գրառումն արդեն ավելի քան 90 հազար հավանում ունի, իսկ հետևորդներից շատերն էլ առաջարկել են ներդրում կատարել HustleGPT-ի բիզնեսում:
Կարդացեք նաև՝
- Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը
- Amazon-ում վաճառվում են ChatGPT-ի կողմից գրված գրքեր ու հեքիաթներ
Թվիթերյան գրառման thread-ներում Ֆոլը ներկայացնում է HustleGPT-ի բոլոր պատասխանները: Այսպես, արհեստական բանականությունն առաջարկել է ստեղծել էկոլոգիապես մաքուր հումքից ապրանքների վերավաճառքի գործընկերային կայք: Գումարի մի մասով գնել են դոմեյն ու հոստինգ, գործարկել greengadgetguru.com կայքը, և GPT-ն ինքը գրել է առաջին կոնտենտը կայքի համար՝ ներկայացնելով 10 տարբեր ապրանքներ: 40 դոլար էլ հատկացվել է Facebook-ում և Instagram-ում առաջխաղացման վրա:
Հաջորդող օրերին #HustleGPT-ի շուրջ բարձրացած աղմուկը թույլ է տվել ներգրավել նոր ներդրումներ՝ ավելի քան 7 հազար ԱՄՆ դոլար, կոնտենտի ստեղծման համար արդեն աշխատակիցներ են ընդունվել: Թե ինչպես է ընթանում HustleGPT-ի գործերը, կարող եք հետևել թվիթերում, բայց 4-րդ օրվա դրությամբ այն դեռ եկամուտ չի գեներացրել:
Ի՞նչ եք կարծում, HustleGPT-ն կկարողանա՞ փող աշխատել…
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: