Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը

«Արդյո՞ք ռոբոտները կփոխարինեն մարդկանց»: Դուք էլ եք, չէ՞, այս հարցի շուրջ բանավեճի մասնակցել. դպրոցում, տանը կամ ընկերական շրջապատում: Մինչ բոլորը տարիներ շարունակ վարկածներ ու առասպելներ են ստեղծում այդ հարցի շուրջ, գիտնականներն ու տեխնոլոգիաները աշխատում են:

Մարդիկ ստեղծում են: Ստեղծում են շատ՝ մտքեր ու գրքեր, ֆիլմեր ու երգեր, հեղափոխական պրոդուկտներ ու տեխնոլոգիաներ: Այս ամենին էլ զուգահեռ՝ ստեղծում են գործիքներ, որոնք է՛լ ավելի հեշտ կդարձնեն իրենց կյանքն ու աշխատանքը:

- Advertisement -
Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը

Եվ առասպելների ու տեսությունների փոխարեն՝ եկեք իրապես դիտարկենք 2023-ի գլխավոր գործիքն ու օգնականը՝ ChatGPT-ն:

Ի դեպ, այս հոդվածը գրելիս հե՛նց նա էլ մեզ կօգնի՝ իր մասին որոշ հարցերի պատասխանելով:

Ի՞նչ է ChatGPT-ն

Ինչպե՞ս կբնութագրեի ես 1 նախադասությամբ՝

ChatGPT-ն չատ-բոտ է, որը երկխոսության միջոցով կարողանում է պատասխանել ամենատարբեր հարցերի, լուծել ամենատարբեր բարդության խնդիրներ ու առաջարկել հետաքրքիր լուծումներ:

Ինչպե՞ս է բնութագրում իրեն ChatGPT-ն 1 նախադասությամբ՝

ChatGPT-ն լեզվական մոդել է՝ մշակված OpenAI-ի կողմից, որը կարող է հասկանալ և գեներացնել մարդու տեքստը՝ օգտատիրոջ հետ երկխոսային համագործակցության համար:

100 մլն 2 ամսում. ChatGPT-ն դարձել է պատմության ամենաարագ աճող հավելվածը

ChatGPT-ի պատմությունը. որտեղի՞ց և ու՞ր

2022-ի նոյեմբերին OpenAI-ը, որի հիմնադիրներից մեկը ժամանակին եղել է Իլոն Մասկը, հայտարարեց ChatGPT-ի ստեղծման մասին:

Սեմ Ալթմանը՝ OpenAI-ի գործադիր տնօրենը, պատմում է, որ լեզվական մոդելների վրա աշխատանքը եղել է ընկերության գլխավոր նպատակներից մեկը և մեկնարկել է դեռևս 2015 թվականին: Ստեղծել արհեստական բանականությամբ աշխատող լեզվական մոդել և գեներացնել մարդկանց հասկանալի լեզու. ահա թե ինչպիսին էր առաքելությունը: Լեզվական մոդելի առաջին տարբերակը՝ GPT-1 -ը թողարկվել է 2018 թվականին, իսկ դրա հաջորդ տարի արդեն GPT-2-ի ժամանակաշրջանն էր:

Իսկ ի՞նչ է լեզվական մոդելը

Եթե այդքան էլ մոտ չես տեխնոլոգիական ոլորտին, այս հասկացությունները չափազանց բարդ են թվում: Այդ պատճառով խնդրեցի ChatGPT-ին «պարզ ու նույնիսկ երեխաներին հասկանալի» լեզվով պատմել, թե ինչ է «լեզվական մոդելը»: Եվ ահա պատասխանը՝

«Լեզվական մոդելը նման է խելացի համակարգչային ծրագրի, որը կարող է օգնել Ձեզ ավելի լավ խոսել ու գրել: Այն շատ բառեր գիտի և կարող է հասկանալ՝ ինչպես կազմել իմաստ պարունակող նախադասություններ: Այն իսկապես նման է խելացի ընկերոջ, որը կարող է օգնել Ձեզ նոր բան սովորելու հարցնում:

Այս ծրագիրը կարող է հասկանալ, թե ինչ եք Դուք խոսում կամ գրում, իսկ հետո օգտակար պատասխան տալ: Դա մոտավոր նման է այն բանին, որ դուք ուսուցչին կամ Ձեր ծնողներից որևէ մեկի հարց տաք, նրանք էլ իմաստալից պատասխան տան: Սակայն այս դեպքում պատասխան տվողը ոչ թե մարդ է, այլ համակարգչային ծրագիր:

Լեզվական մոդելները կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակների համար՝ նոր բառեր սովորելու, համակարգչի կամ ռոբոտների հետ «լեզու գտնելու», պատմվածքներ ու հոդվածներ գրելու համար»:

Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին

CHatGPT. վճարովի՞, թե՞ անվճար

ChatGPT-ն կարելի է օգտագործել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տարբերակներով: OpenAI-ի կայքում գրանցվելը հնարավորություն կտա օգտվել նեյրոցանցից անվճար:

Սակայն ամեն ամիս վճարելով $20՝ Դուք կարող եք ձեռք բերել ChatGPT-ի բաժանորդագրությունը՝

  1. Ստանալով հասանելիություն ChatGPT-ին նույնիսկ պիկ ժամերին,
  2. Պատասխան արձագանքի ավելի արագ ժամանակ,
  3. Առաջնահերթային հասանելիություն նոր գործառույթներին:

Ո՞ր ոլորտներում կարելի է կիրառել ChatGPT-ն

Իհարկե, որքան անսահման է Ձեր երևակայությունը, այնքան էլ՝ ChatGPT-ի կիրառման տարբերակները: Ահա թե ինչ ոլորտներ է առաջարկում ChatGPT-ն:

  1. Հաճախորդների սպասարկում՝ անհատականացված պատասխանների և հաճախորդների հետ ծագած խնդիրների լուծման տարբերակների համար:
  2. Կրթություն՝ ChatGPT-ն կարող է օգտագործվել որպես ուսանողների և աշակերտների համար օգտակար գործիք՝ գիտելիքները ստուգելու և նորը սովորելու համար:
  3. Առողջապահություն՝ անհատական բժշկական խորհուրդների, ախտանիշների ուսումնասիրության և տարբեր հիվանդությունների մասին հարցերի պատասխանելու համար:
  4. Զվարճությունների ոլորտ՝ ChatGPT-ն կարող է կիրառվել՝ ստեղծելու համար ինտերակտիվ չատբոտներ՝ խաղերի, ֆիլմերի և հաղորդումների համար:
  5. Բիզնես՝ սպասարկման ոլորտի պատասխաններից մինչև բիզնես խնդիրների լուծում, ամենն ու ավելին թույլ կտա ChatGPT-ն:
  6. Հետազոտություն՝ ChatGPT-ն կարող է օգտագործվել մեծ տեքսային տվյալները վերլուծելու և ամփոփելու համար՝ թույլ տալով հետազոտողներին դրանց հիման վրա եզրակացություններ կատարել:
  7. Անձնական օգնական՝ ChatGPT-ն կարող է օգնել օգտատերերին՝ զանազան առաջադրանքների, հիշեցումներ ևն ստեղծելով:

Ինչպե՞ս են օգտագործում ChatGPT-ն աշխատավայրում

Ինչպես Գուգլն է դարձել առօրյայի անբաժան մաս, այնպես էլ քիչ-քիչ այդ առօրյայում է հայտնվում ChatGPT-ին: Ինչպես մեր սիրելի խնդիրներում է նշվում, դիցուք, ունենք մեկ կազմակերպությունում աշխատող երկու տարբեր մասնագետ՝ մարքեթոլոգ և ծրագրավորող:

Խնդրից իրականություն տեղափոխվելով՝ զրուցեցի Team2B ընկերության 2 մասնագետների՝ մարքեթինգի թիմի ղեկավար Գրիշա Հովսեփյանի և ծրագրավորող Ժենյա Պանիրյանի հետ՝ պարզելու խնդիրների ու ChatGPT-ի հետ «կիսվող» հարցերի տարբերությունն ու նմանությունը:

Գրիշան նշեց, որ ուղիղ մարքեթինգային գործառույթների համար ChatGPT-ն չի օգտագործում: Սակայն նա օգտագործում է այս լեզվական մոդելը մարքեթինգային ռազմավարություններ կազմելու և այլ նեղ մասնագիտական գործառույթներ իրագործելու ժամանակ: Այն ավելի շատ ծառայում է որպես ասիստենտ:

Ինչպե՞ս չափել մարքեթինգը․ ոչ միայն փողով, այլ նաև KPI-ներով

Ի տարբերություն մարքեթինգային գործառնությունների՝ Ժենյան, լինելով ծրագրավորող, կիրառում է ChatGPT-ն խնդրառական կոդերը ստուգելու, գնահատելու, առավել հարմար ալգորիթմ գտնելու, իսկ ծրագրավորողների ամենասիրելի Github-ում՝ իմաստալից commit message-ներ գրելու համար: Ամենակարևորն էլ, իհարկե, ChatGPT-ի օգնությունն է error-ներ ու bug-եր գտնելու հարցում:

Սակայն կարևոր է նշել, որ Ժենյան ոչ միայն աշխատավայրում է կիրառում այս լեզվական մոդելը, այլ նաև ուսումնական գործընթացում ևս՝ անցկացնելով «հարցուպատասխաններ» բոտի հետ՝ անհրաժեշտ կրթական թեմայի վերաբերյալ, ստանալով առաջարկներ առաջիկա քննության հարցերի մասին, զանազան էսսեներ և ռեֆերատներ գրելով, անհասկանալի նյութերի բացատրություններ «պահանջելով» և այլն:

Ոլորտները տարբեր են, տարբեր է նաև վերաբերմունքը ChatGPT-ի նկատմամբ: Պարզ է միայն մեկ բան. այն հեղափոխելու է կյանքի սովորական կարգը: Իսկ թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, կարդացե՛ք How2B-ում: Եվ չմոռանաք հետևել մեր Տելեգրամյան ալիքին՝ այդ ամենին ականատես լինելու համար:

հ.գ. ի դեպ, այս հոդվածի վերնագրի հեղինակը ևս ChatGPT-ն է 😀

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը

Վերջին նորությունները

Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։