Թանկարժեք մետաղների շուկայում իրարանցում է. այսօր՝ հունվարի 29-ին, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսները թանկացել են 5,9%-ով՝ հասնելով 120,24 դոլարի մեկ ունցիայի դիմաց։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ արծաթի արժեքը գերազանցում է 120 դոլարը։
Աճը հետևել է ոսկու գների թռիչքին, որի արժեքն էլի այսօր հատել է 5,600 դոլարի սահմանը։ Ըստ Bloomberg-ի՝ թանկարժեք մետաղների նման «վարքագիծը» պայմանավորված է աննախադեպ ֆիզիկական պահանջարկով և սպեկուլյատիվ հետաքրքրությամբ՝ համեմատաբար ցածր իրացվելիություն ունեցող շուկայում։
Փորձագետները նշում են, որ ներկայումս շուկայում գործում է «բաց թողնված օգուտի վախը» (FOMO)։ Ներդրողները, ովքեր չեն հասցրել ոսկի գնել դրա կտրուկ թանկացման փուլում, այժմ արծաթն օգտագործում են որպես այլընտրանք։ Հիշեցնենք, որ 2025 թվականին ոսկին թանկացել էր ավելի քան 64%-ով, իսկ 2026-ի սկզբից արդեն գրանցել է գրեթե 21% աճ։
Արծաթի ցուցանիշներն էլ ավելի տպավորիչ են. 2025-ին գինը բարձրացել է ավելի քան երկու անգամ (լավագույն արդյունքը 1979-ից ի վեր), իսկ 2026-ի սկզբից հավելյալ աճել 60% աճ։
Ներդրողները զանգվածաբար հրաժարվում են ԱՄՆ պետական պարտատոմսերից և արժույթներից՝ նախապատվությունը տալով թանկարժեք մետաղներին։ Ամեն դեպքում ING-ի վերլուծաբանները նախազգուշացնում են, որ չափազանց բարձր գները կարող են նվազեցնել արծաթի արդյունաբերական պահանջարկը, ինչը շուկայում բարձր տատանողականության ռիսկեր է ստեղծում։












