X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) գործարկել է առանց գաղտնաբառերի մուտք iPhone-ների և iPad-ների համար՝ օգտագործելով passkeys համակարգը:
Passkey-երով մուտքը կատարվում է ոչ թե մուտքանունի և գաղտնաբառի ստուգումով, այլ օգտագործելով տվյալ սարքի նույնականացման եղանակները՝ մատնահետքով, դեմքով, մուտքի կոդով կամ այլ եղանակներով: Տվյալ դեպքում, X-ի օգտատերերը մուտք կգործեն սոցիալական ցանց Face ID-ի, Touch ID-ի կամ տվյալ սարքի մուտքի կոդի միջոցով:
Առայժմ X-ի այս գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ տարածքում՝ ինչպես Premium, այնպես էլ մյուս օգտատերերին:
Ինչպե՞ս են աշխատում passkey-երը Passkey-երը եկել են փոխարինելու ավանդական դարձած գաղտնաբառերին: Դրանց փոխարեն մուտքի համար օգտագործվում է տվյալ սարքի նույնականացման եղանակները:
Երբ ստեղծում եք passkey, գեներացվում է երկու տարբեր բանալիներ (keys)` մեկը տվյալ կայքում կամ համակարգում, որը փորձում եք մուտք գործել, և մյուսը՝ Ձեր սարքում, որն օգտագործում եք Ձեր անձը հաստատելու համար:
Passkey-երը պահպանվում են տվյալ սարքում, ինչը նշանակում է, որ դրանք ամեն սարքի համար առանձին են: Բայց, միաժամանակ, դրանք կապված են Ձեր հեռախոսահամարի, էլփոստի, կամ որևէ այլ անվտանգության կոդի հետ, որը թույլ կտա վերականգնել passkey-երը, եթե տվյալ սարքը շարքից դուրս գա կամ կորցնեք այն:
Passkey-երի համակարգեր ներկայումս ունեն Apple-ն ու Google-ը, կան նաև նման ծառայություն առաջարկող այլ ընկերություններ, ինչպես 1Password-ն ու Dashlane-ը:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։