WWDC 2024 կոնֆերանսից հետո ակնհայտ դարձավ, որ Apple-ը «չի ամաչում» համագործակցել շուկայի առաջատար խաղացողների հետ, ինչպիսին է OpenAI-ը։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ այժմ էլ Apple-ը բանակցություններ է վարում Meta Platforms-ի հետ։
Ըստ աղբյուրի՝ Meta-ն գեներատիվ AI մոդելն ինտեգրելու հնարավորությունը քննարկել է Apple-ի հետ, ինչը վերջինս զարգացնում է իր Apple Intelligence շարքի ծառայությունների համար:
Թե ինչպես կավարտվի այս համագործակցությունը, չգիտենք, սակայն Apple-ի պոտենցիալ գործընկերների ցանկն այս ոլորտում չի սահմանափակվում միայն Google-ով և OpenAI-ով։ «Anthropic» և «Perplexity» ստարտափները նույնպես մասնակցում են Apple-ի հետ նմանատիպ բանակցությունների։
Նշվում է, որ այս ընկերություններն էլ իրենց ակնկալիքներն ունեն այս պրոցեսում, քանի որ Apple-ի հետ համագործակցության արդյունքում նրանք կկարողանան ավելացնել իրենց օգտատերերի դիտելիությունը։ Ենթադրվում էր, որ Apple-ի էկոհամակարգի միջոցով նրանք կկարողանան ավելի շատ պրեմիում բաժանորդագրություններ վաճառել իրենց ծառայությունների համար։
Նշենք, որ պաշտոնապես Apple-ը մինչ օրս խոսել է միայն OpenAI-ի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին։ Microsoft-ի կողմից աջակցվող այս ստարտափը կօգնի Siri ձայնային օգնականին նոր հնարավորություններ ձեռք բերել ChatGPT մոդելի հետ ինտեգրվելու միջոցով:
Apple Intelligence-ի մասին կարդացեք այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: