2024 թվականի մայիսի 30-ից Հայաստանում գործող բիզնեսները կարող են օգտվել ներդրումների ներգրավման նոր գործիքից՝ ՍԵՅՖ (S.A.F.E. — Simple Agreement for Future Equity / Ապագա բաժնեմասնակցության պարզ պայմանագիր) պայմանագրերից:
Գործիքը նոր հնարավորություն է բացում հայաստանյան ընկերությունների համար՝ ներգրավելու ներդրումներ ավելի դյուրին ճանապարհով: Սա հատկապես օգտակար է այն ընկերություններին, որոնք դեռ չեն կարող ճշգրիտ գնահատել իրենց բիզնեսի արժեքը, բայց ունեն զարգացման մեծ ներուժ:
Պայմանագրի էությունն այն է, որ ներդրողը տրամադրում է գումար ընկերությանը, սակայն դրա դիմաց անմիջապես չի ստանում բաժնետոմսեր: Փոխարենը, նա ստանում է խոստում, որ հետագայում, երբ ընկերությունը հասնի որոշակի հաջողությունների, կստանա բաժնետոմսեր նախապես պայմանավորված պայմաններով:
Ինչպես է գործում ՍԵՅՖ պայմանագիրը գործնականում
Երբ ընկերությունը որոշում է օգտագործել ՍԵՅՖ պայմանագիրը, գործընթացը հետևյալն է:
Նախ ընկերության բոլոր բաժնետերերը պետք է միաձայն համաձայնություն տան այդպիսի պայմանագիր կնքելու համար: Այնուհետև կնքվում է պայմանագիր ներդրողի հետ, որտեղ նշվում են բոլոր պայմանները:
Ներդրողը փոխանցում է պայմանավորված գումարը ընկերությանը: Սակայն այստեղ կարևոր է հիշել, որ այդ գումարը դեռ չի ավելացվում ընկերության կանոնադրական կապիտալին: Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ ընկերությունը թողարկում է բաժնետոմսեր ներդրողի համար:
ՍԵՅՖ պայմանագրի հաշվառումը
Կարևոր է իմանալ, որ ՍԵՅՖ պայմանագիրը համարվում է արժեթուղթ և ենթակա է պարտադիր հաշվառման: Պայմանագիրը պետք է հաշվառվի այն կազմակերպությունում, որը հաշվառում է ընկերության բաժնետոմսերը: Սա նշանակում է, որ պայմանագրի կնքումից հետո անհրաժեշտ է դիմել համապատասխան հաշվառող կազմակերպություն՝ պայմանագիրը գրանցելու համար: Սա պարտադիր է և ապահովում է ներդրողի իրավունքների պաշտպանությունը:
Ինչ է լինում, եթե բիզնեսը հաջողում է
Եթե ընկերությունը հասնում է պայմանագրով նախատեսված հաջողության ցուցանիշներին, ապա 60 օրվա ընթացքում պարտավոր է թողարկել բաժնետոմսեր և տրամադրել դրանք ներդրողին: Այս դեպքում ընկերության մյուս բաժնետերերը չեն կարող օգտվել նախապատվության իրավունքից, այսինքն՝ չեն կարող առաջինը գնել այդ բաժնետոմսերը:
Ինչ է լինում, եթե բիզնեսը ձախողվում է
ՍԵՅՖ պայմանագրում կարող են նախատեսվել պայմաններ, որոնց դեպքում ներդրողը կարող է հետ ստանալ իր ներդրած գումարը (օրինակ՝ եթե ընկերությունը որոշակի ժամանակահատվածում չի հասնում պայմանավորված ցուցանիշներին): Պայմանագրով կարող է նաև նախատեսվել, որ ընկերությունը պետք է վճարի տոկոսներ ներդրված գումարի դիմաց:
ՍԵՅՖ պայմանագրի առանձնահատկությունները
ՍԵՅՖ պայմանագիրը տարբերվում է սովորական ներդրումից նրանով, որ ներդրողը միանգամից չի դառնում բաժնետեր: Սա նշանակում է, որ նա չի կարող մասնակցել ընկերության կառավարմանը և չի ստանում շահաբաժիններ: Սակայն սնանկության դեպքում ունի ավելի բարձր առաջնահերթություն, քան սովորական բաժնետերերը:
Այս պայմանագրերը հատկապես տարածված են տեխնոլոգիական ոլորտում և լայնորեն օգտագործվում են բիզնես-հրեշտակների կողմից: Այս գործիքի ներդրումը Հայաստանում կարող է էապես հեշտացնել ստարտափների համար ներդրումների ներգրավումը և խթանել նորարարական բիզնեսների զարգացումը:
Խնդիրը քարտեզագրվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն֊մասնավոր երկխոսության հարթակում։ Բարեփոխման փաթեթը մշակվել է IC Armenia-ի փորձագիտական թիմի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։
ՍԵՅՖ պայմանագրերի, դրանց կնքման, հաշվառման և կիրառման մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նաև Հայաստանի ներդրումային խորհրդի տեսանյութից, որը տեղադրում ենք ստորև։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: