Ամեն տարի WWDC համաշխարհային կոնֆերանսում Apple ընկերությունը ներկայացնում է այն բոլոր նորարարությունները, որոնք սպասվում են իր ամենամեծ iOS, macOS, iPadOS և այլ հարթակներում։
Ընկերությունը, որը ժամանակին հրաժարվում էր օգտագործել «արհեստական բանականություն» տերմինը՝ իր մեքենայական ուսուցման առանձնահատկությունների մասին խոսելիս, այժմ մրցում է ոլորտի հսկաների՝ Google-ին, Microsoft-ի հետ։
Apple-ի նոր արհեստական բանականության համակարգը (Apple Intelligence) AI հատկանիշների նոր փաթեթ է՝ նախատեսված iPhone-ի, Mac-ի և այլնի համար։ Այն ունի ծանուցումներ, նամակներ և տեքստեր ամփոփելու հնարավորություն։
Համաժողովում Apple-ը ներկայացրեց մի շարք գեներացնող AI գործիքներ, որոնք ուղղված են իր սարքերի ավտոմատացված, անհատականացված փորձի ստեղծմանը:
Ավելի խելացի Siri-ն iOS 18-ում օգտատերերին հնարավորություն կտա ավելի բնական, իրական մարդու պես խոսել Siri-ի հետ և կավելանա տեքստային շփման տարբերակը։ Siri-ն նաև կկարողանա նայել ձեր էլ. նամակները, տեքստերը և լուսանկարները՝ համապատասխան համատեքստի հիման վրա կոնկրետ տեղեկատվություն գտնելու համար:
«Genmoji»- ն նոր գործառույթ է, որն AI-ի միջոցով թույլ կտա օգտատերերին արագորեն էմոջիներ գեներացնել՝ ստանդարտ էմոջիների շարքում նախընտրելին չգտնելու դեպքում։
Image Playground — iOS 18-ում գալիս է պատկերների ստեղծման այս նոր գործառույթը: Այն օգտատերերին հնարավորություն կտա նախագծել սեփական պատկերները՝ ընտրելով երեք տարբեր ոճեր՝ անիմացիա, նկարազարդում և էսքիզ: Apple-ը նշում է, որ գործառույթն աշխատում է մի քանի հավելվածներում, սակայն այն նաև ունի իր սեփական անունով հավելվածը:
ChatGPT-4o-ն այս տարվա վերջին կհայտնվի Apple-ի iOS, macOS և iPadOS սարքերում՝ որպես չաթ-բոտ, որին Siri-ն կարող է դիմել, երբ չի կարողանում հասկանալ օգտատիրոջ հարցը։ Այս դեպքում սարքը նախ կխնդրի օգտատիրոջ թույլտվությունը:
Apple Intelligence-ը բետա տարբերակով կթողարկվի այս աշնանը, iOS 18-ի, iPadOS 18-ի և macOS Sequoia-ի համար: Ընկերությունը հայտնել է, որ արհեստական բանականության այս բոլոր գործառույթները հասանելի կլինեն միայն նրա iPhone 15 Pro և 15 Pro Max և iPad սարքերում, կամ M1 կամ ավելի նոր չիպերով Mac-երում։
Կարևոր է նշել, որ սկզբում AI գործառույթները կաշխատեն միայն ԱՄՆ-ում և հասանելի կլինեն միայն անգլերենով։ Ապագայում Apple-ը կավելացնի հնարավորություն այլ լեզուների համար և կընդլայնի ծառայության աշխարհագրությունը, սակայն երբ կգա այս ապագան, չի նշվում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: