Այս շաբաթ Apple-ը սկսել է փոխհատուցում վճարել iPhone-ի որոշ մոդելների օգտատերերին՝ որպես ԱՄՆ-ում կոլեկտիվ դատական հայցի կարգավորման մի մաս, որով ընկերությունը մեղադրվում էր iPhone-ի հին մոդելների պրոցեսորները միտումնավոր դանդաղեցնելու մեջ, հաղորդում է MacRumors-ը:
Apple-ի դեմ հայցը ներկայացվել է 2017-ի դեկտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ ընկերությունը խոստովանել է, որ սահմանափակում է «քիմիականորեն հնացած» մարտկոցներով որոշ iPhone մոդելների աշխատանքի արդյունավետությունը՝ կանխելու սմարթֆոնի անսպասելի անջատումը։
Միևնույն ժամանակ, Apple-ը բազմիցս հերքել է իրավական խախտման վերաբերյալ բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ համաձայնել է խաղաղ կարգավորման՝ «ծանրաբեռնված և ծախսատար դատական գործընթացներից խուսափելու համար»:
Փոխհատուցումը կտրամադրվի iPhone 6-ի, iPhone 6 Plus-ի, iPhone 6s-ի, iPhone 6s Plus-ի, iPhone 7-ի, iPhone 7 Plus-ի կամ iPhone SE-ի սեփականատերերին, ովքեր միացել են հայցին մինչև 2020 թվականի հոկտեմբերի 6-ը։ Ընդհանուր առմամբ ընկերությունը կվճարի 310 միլիոնից մինչև 500 միլիոն դոլար՝ կախված հայցվորների թվից։ Հայցադիմումում նշվում է, որ մեկ անձի համար վճարումը կկազմի 92,17 դոլար։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: