Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրող ընկերությունն ամբողջ աշխարհից հետ է կանչել գրեթե մեկ միլիոն ավտոմեքենա՝ արգելակման համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով, գրում է BBC-ն։
Հետ են կանչվել ML, GL եւ R դասի մեքենաները, որոնք արտադրվել են 2004-2015թթ.։
«Արգելակների ուժեղացուցչի կոռոզիան վատագույն դեպքում կարող է հանգեցնել կապի խախտման արգելակի ոտնակի եւ արգելակի համակարգի միջեւ։ Դրա հետեւանքով չի գործի աշխատանքային արգելակը»,- ասվում է Գերմանիայի դաշնային ավտոտրանսպորտային գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ավտոարտադրող ընկերությունը հայտնել է, որ կապ կհաստատի մեքենաների սեփականատերերի հետ: Հետկանչը վերաբերում է ընդհանուր առմամբ 993 407 ավտոմեքենայի, որից 70 000-ը Գերմանիայում են:
Mercedes-Benz-ը հաստատել է գերմանական ավտոտրանսպորտային գերատեսչության տեղեկատվությունը՝ հաղորդելով, որ ծայրահեղ դեպքերում մեքենայի արգելակումը աշխատանքային արգելակի օգնությամբ կարող է անհնար լինել։
«Դա բարձրացնում է դժբախտ պատահարների կամ վնասվածքների հավանականությունը»,- նշել է ավտոարտադրողը։
Ընկերությունը մտադիր է ստուգել նշված տրանսպորտային միջոցները, նրանց տերերին անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն անվճար այլընտրանքային միջոցներ։
«Մինչեւ ստուգման պահը մենք մեր հաճախորդներին խնդրում ենք չօգտվել ավտոմեքենաներից»,- տեղեկացրել է Mercedes-Benz-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։