Starlink-ը Հայաստանին է նվիրաբերել ևս 56 սարքավորում, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների ժամանակ ինտերնետ կապի կայունությունն ապահովելու և արձագանքման կարողությունները ուժեղացնելու համար։
Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ սարքավորումները ՀՀ կառավարությունը ստացել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև բանակցությունների արդյունքում։
«Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար»,– նշել է նախարարը։
Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։ Սարքավորումներն արդեն Հայաստանում են և նախատեսվում է դրանք հատկացնել ՆԳՆ Փրկարար ծառայությանը։
Դրանք կարող են օգտագործվել փրկարարական աշխատանքների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված են, գերծանրաբեռնված կամ խափանված։
Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող արբանյակային ինտերնետ համակարգ է, որն ապահովում է լայնաշերտ ինտերնետ կապ։ Նման լուծումները հատկապես կարևոր են արտակարգ իրավիճակներում և հեռավոր բնակավայրերում, որտեղ կայուն կապի ապահովումը կարող է դժվար լինել։
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս նվիրատվությունը Starlink-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության շարունակությունն է։ Այդ համագործակցության շրջանակում արդեն 110 Starlink սարքավորում ինտերնետ կապ է ապահովում Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում սովորողների համար։












