Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը մայիսին կազմել է շուրջ 263 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ գրանցելով 9.5 տոկոս աճ: Այս ցուցանիշի ապահովման գործում զգալի դերակատարում է ունեցել հանքագործական արդյունաբերությունը, որի ծավալներն աճել են ավելի քան 21 տոկոսով՝ հասնելով 69.1 միլիարդ դրամի:
Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատար են ջերմաէլեկտրակայանները՝ 40.1 տոկոս մասնաբաժնով, որոնց հաջորդում են հիդրոէլեկտրակայանները՝ 23.4, ատոմակայանը՝ 21.5 և արևային էլեկտրակայանները՝ 15.0 տոկոսով:
Տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկը շարունակում է մնալ շինարարությունը, որտեղ մայիս ամսին իրականացվել է ավելի քան 62.6 միլիարդ դրամի աշխատանք: Սա նախորդ տարվա մայիսի համեմատ ավելի է 27.1 տոկոսով, իսկ տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով ոլորտն ապահովել է 24.1 տոկոսի ընդհանուր աճ՝ հատելով 207 միլիարդ դրամի շեմը:
Ներքին առևտրի շրջանառության ոլորտում նկատվել է որոշակի պասիվություն: Մայիսին առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 555.7 միլիարդ դրամ, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6 տոկոսով, թեև դրա կազմում մանրածախ առևտուրն աճել է 6.3 տոկոսով՝ կազմելով գրեթե 180 միլիարդ դրամ:











