Հայաստանում նախատեսվում է սահմանել Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նոր պահանջներ։ Համապատասխան լրացումներն առաջարկվում է կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում, որն արդեն իսկ հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից՝ առաջին ընթերցմամբ։ Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագիծը հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուն։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանի պարզաբանմամբ՝ օրինագծով հստակեցվում են ձկնաբուծական տնտեսություններին, ձկնամթերքի արտադրությամբ և դրա պահպանմամբ զբաղվող ընկերություններին ներկայացվող պահանջները։ Այս կարգավորումները հիմք են հանդիսանալու Եվրամիության առևտրի վերահսկողության և փորձագիտական գնահատման համակարգում տնտեսվարողների գրանցման, այդ գրանցման դադարեցման, ինչպես նաև արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատի տրամադրման համար։
Ըստ նախագծի՝ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Օրենսդրական փոփոխություններից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում։












