ՀՀ կառավարությունը հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր նախագիծը, որով պետությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի խոցելի խմբերին աշխատանքի ընդունող մասնավոր գործատուներին: Ծրագրի շահառու կարող են դառնալ այն բիզնեսները, որոնք առնվազն 3-6 ամսով (թույլատրելի է նաև ոչ լրիվ դրույքով) աշխատանքային պայմանագիր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ:
Աջակցության շրջանակում գործատուներին եռամսյակային կտրվածքով կվերադարձվի աշխատակցի համար վճարված եկամտային հարկը: Աշխատանքի առաջին երեք ամիսներին կփոխհատուցվի հարկի 50 տոկոսը՝ առավելագույնը 25 հազար դրամի չափով, իսկ չորրորդից վեցերորդ ամիսներին՝ հարկն ամբողջությամբ, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամը:
Կառավարությունը նախատեսել է նաև խրախուսման լրացուցիչ մեխանիզմ երկարաժամկետ համագործակցության դեպքում: Եթե փոխհատուցման վեցամսյա ժամկետից հետո աշխատանքային հարաբերությունները պահպանվեն ևս առնվազն մեկ տարի, գործատուն կստանա 100 հազար դրամ միանվագ աջակցություն: Զբաղվածության այս ծրագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:












