ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը, որը կգործի 2026 թվականի հունիս ամսվա արտահանումների համար։ Ըստ այդմ՝ պետությունը յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ելակի համար կտրամադրի 770 ՀՀ դրամ, լոլիկի համար՝ 275 ՀՀ դրամ, իսկ պղպեղի համար՝ 400 ՀՀ դրամ սուբսիդավորում։ Ծաղկի արտահանման դեպքում պետական աջակցությունը կկազմի 37 ՀՀ դրամ յուրաքանչյուր մեկ հատի դիմաց։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ սա միջոցառումների շարքում առաջինն է, և դրանք շարունակական բնույթ են կրելու՝ կախված անհրաժեշտությունից ու սեզոնայնությունից։ Նա նշել է, որ նմանատիպ որոշումները պետք է տարածվեն նաև մրգերի, կոնյակի, գինու և հանքային ջրերի վրա՝ ընդգծելով, որ որևէ խնդիր չկա, և տնտեսվարողները պետք է արտահանեն ցանկացած շուկա, որտեղ կարողանում են։
Հաստատվել է նաև դեպի Եվրամիության երկրներ, Միացյալ Թագավորություն և Կանադա գյուղատնտեսական մշակաբույսեր արտահանող տնտեսվարողներին աջակցության ծրագիրը։ Այս նախաձեռնությունը ենթադրում է ներմուծող երկրում առկա մաքսատուրքերի ամբողջական փոխհատուցում պետության կողմից։
Մինչ այս փոփոխությունը նման ձևաչափով աջակցություն էր տրամադրվում միայն մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման դեպքում։












