2026 թվականի հուլիսի 1-ից զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտադիր պետք է գրանցվեն էլեկտրոնային համակարգում և հայտարարեն իրենց գործունեության մասին։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծման և վարման կարգը սահմանող նախագիծը։ Նրա խոսքով՝ զբոսաշրջային գործունեությամբ զբաղվելու իրավունք կունենան միայն այն կազմակերպություններն ու անհատները, որոնք կանցնեն թվային գրանցում և կստանան համապատասխան հավաստագիր։
Գրանցումից հետո նախատեսվում է իրականացվել ստուգում, որի արդյունքում կտրամադրվի հավաստագիր։ Եթե գործունեությունը չհամապատասխանի սահմանված պահանջներին, կարող է կիրառվել վարչական կամ քրեական պատասխանատվություն։
Նոր կարգավորումը կվերաբերի թե՛ ներգնա, թե՛ արտագնա զբոսաշրջությանը։
Նախարարության հիմնավորմամբ՝ ներկայում ոլորտում առկա են բազմաթիվ չգրանցված ծառայություններ մատուցողներ, որոնք գործունեություն են ծավալում առանց պատշաճ վերահսկողության։ Խոսքը վերաբերում է զբոսաշրջային օպերատորներին, գործակալներին, հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև զբոսավարներին և ուղեկցորդներին։ Շատ դեպքերում նրանք չեն վճարում հարկեր, չեն ստեղծում աշխատատեղեր և առաջարկում են ծառայություններ անհամեմատ ցածր գներով՝ խաթարելով մրցակցային միջավայրը։
Կառավարության գնահատմամբ՝ էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կբարձրացնի ոլորտի թափանցիկությունը, կապահովի ծառայությունների որակի վերահսկողություն և կպաշտպանի սպառողների շահերը։ Մարդիկ չեն հայտնվի իրավիճակում, երբ վճարում են մեկ ծառայության համար, սակայն ստանում այլ բովանդակությամբ առաջարկ։
Հաջորդ փուլում նախատեսվում է նաև բալային գնահատման համակարգի ներդրում։
Նախագծի հեղինակների համոզմամբ՝ փոփոխությունները կնպաստեն հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը, զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը և ոլորտի վիճակագրական տվյալների բարելավմանը։












