Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի հունվար ամսվա գործունեության արդյունքները: Հաշվետու ամսվա ընթացքում առավելագույն աճը գրանցվել է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում, որտեղ տեղաբաշխվել է ավելի քան 75 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 68.48%-ով, իսկ երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է շուրջ 13․5 մլրդ ՀՀ դրամ:
Կորպորատիվ արժեթղթերի շուկան նույնպես դրսևորել է կայուն զարգացման միտումներ՝ արձանագրելով առևտրի ծավալների 11% աճ նախորդ տարվա հունվարի նկատմամբ: Ընդհանուր առմամբ կնքվել է 1174 գործարք, իսկ առևտրի ծավալը կազմել է մոտ 12․3 մլրդ ՀՀ դրամ: Հունվարի վերջի դրությամբ բորսայում շրջանառվել է 175 անուն կորպորատիվ պարտատոմս:
Բաժնետոմսերի շուկայում ևս գրանցվել են դրական տեղաշարժեր. առևտրի ծավալն աճել է 21%-ով՝ գերազանցելով 211․4 մլն ՀՀ դրամը: Զուգահեռաբար, շուկայի կապիտալիզացիան աճել է 6.96%-ով՝ հասնելով շուրջ 473․4 մլրդ ՀՀ դրամի: Ռեպո գործարքների մասով արձանագրվել է ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամի շրջանառություն, իսկ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 12 գործարք՝ շուրջ 2․8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:
Արտարժույթի շուկայում գործարքների միջին գինը ձևավորվել է 379.7 դրամի մակարդակում, ընդ որում՝ դոլարի պահանջարկի և առաջարկի փոխարժեքները տատանվել են 379-380.90 դրամի միջակայքում:












