«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հունվարի 8-ի նիստում ամփոփել է 2025 թվականի զբոսաշրջության ոլորտի ցուցանիշները։ Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ։ Միայն դեկտեմբերին երկիր է ժամանել 139 հազար 933 զբոսաշրջիկ։
Նախարարի խոսքով՝ 2025 թվականը նշանավորվել է նրանով, որ մի քանի ամիսներ զբոսաշրջիկների թվաքանակի առումով եղել են լավագույնները Հայաստանի պատմության մեջ։ Մասնավորապես՝ պատմական ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։
Ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի ցուցանիշը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա արդյունքից և 19,4 տոկոսով գերազանցում է 2019 թվականի տվյալները։ Նշվել է նաև, որ զբոսաշրջիկների թվաքանակով Հայաստանի համար պատմական լավագույն տարին շարունակում է մնալ 2023 թվականը, երբ արձանագրվել էր 50 հազարով ավելի այցելություն, քան 2025-ին։












