OpenAI-ի AI վիդեո հավելվածը՝ Sora-ն, Android-ում իր առաջին իսկ օրը գրանցել է մոտ 470,000 ներբեռնում՝ ըստ Appfigures-ի տվյալների։ Դա 4 անգամ ավելի շատ է, քան iOS տարբերակի մեկնարկային ցուցանիշը։
Թեև համեմատությունը լիովին արդար չէ․ iOS-ում հավելվածը հասանելի էր միայն ԱՄՆ-ում և Կանադայում, այն էլ՝ հրավերով, իսկ Android տարբերակը միաժամանակ գործարկվեց յոթ երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Թաիլանդ և Վիետնամ։ Հրավերի պահանջն էլ հանվել էր հոկտեմբերի վերջին։
Sora-ն արդեն իր առաջին շաբաթում գերազանցել էր մեկ միլիոն ներբեռնումը և բարձրացել App Store-ի ամենատարածված հավելվածների ցուցակի գագաթը։ Այսօր էլ այն շարունակում է մնալ ԱՄՆ App Store-ի “Top Free” ցանկում՝ 4-րդ հորիզոնականում։
Հավելվածը թույլ է տալիս օգտատերերին AI-ի միջոցով տեսանյութեր ստեղծել հրահանգներով (prompt), ներառյալ՝ Cameos ֆունկցիան, որով հնարավոր է AI կերպով «կենդանացնել» ինքներդ ձեզ կամ ձեր ընկերներին։ Բովանդակությունը ցուցադրվում է TikTok-ին նման ուղղահայաց ֆիդով, որտեղ կարելի է դիտել մյուսների ստեղծած վիդեոները։
Appfigures-ը նաև վերանայել է իր նախնական գնահատականները․ ըստ նոր տվյալների՝ iOS տարբերակի առաջին օրվա ներբեռնումները եղել են մոտ 110,000, որոնցից 69,300-ը՝ ԱՄՆ-ից։ Համեմատության համար՝ Android տարբերակը միայն ԱՄՆ-ում ունեցել է մոտ 296,000 ներբեռնում, ինչը վկայում է, որ հետաքրքրությունը հավելվածի հանդեպ դեռ չի մարել։
Sora-ն մրցում է նաև Meta AI հավելվածի հետ, որը նոր է գործարկվել Եվրոպայում՝ ԱՄՆ-ում թողարկումից հետո։











