Մեկնարկել է տեխնոլոգիական համայնքի Ամանորը՝ DigiTec 2025-ը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
Տեխնոլոգիաների աշխույժ ու արագ փոփոխվող աշխարհ, որպես լրագրող, տեղափոխվել եմ գյուղերի պատմություններից ու երաժշտական փոդքասթներից ռոմանտիկ աշխարհից։ How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ «ԴիջիԹեք 2025»-ի մեկնարկը տրված է։ Տեխնոլոգիական տոնն այս տարի առաջին անգամ անցկացվում է անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ աննախադեպ մշակութային ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչև Մուրկոֆ։ Բացման իր խոսքում ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը Եսայանը նշեց, որ երբ «ԴիջիԹեք»-ը նոր էր մեկնարկում, ինքն առաջին «ԴիջիԹեք»-ի մասնակիցներից էր։ Նա վերհիշեց՝ հիմնադիրների նպատակն ու երազանքն էր, որ տեխնոլոգիական տոնին ներկայանան ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային ընկերությունները, ինչն արդեն իսկ հաջողված պատմություն է։ Եսայանն առանձնահատուկ ընդգծեց, որ այս օրերին «ԴիջիԹեք»-ի շրջանակում ելույթներով հանդես են գալու համաշխարհային առաջատար մասնագետներ։

« «ԴիջիԹեք»-ը նշում է իր քսանամյակը, և քսան տարվա ընթացքում մեր քաղաքը եղել է այդ իրադարձության մասը։ Երևանը ոչ միայն հյուրընկալում է «ԴիջիԹեք»-ը, այլև ներկայանում է որպես տեխնոլոգիական քաղաք։ Տեխնոլոգիաները մեզ համար գործիք են քաղաքը դարձնելու ավելի արդյունավետ, կանաչ, մարդակենտրոն․ և այս օրերին մենք ներկայացնելու ենք նաև Երևանի լուծումները։ Երևանն այսօր ապացուցում է, որ տեխնոլոգիան կարող է փոխել քաղաքն ու կյանքը։ Ես շատ ուրախ եմ, որ «ԴիջիԹեք»-ը միավորում է պետական, մասնավոր և միջազգային գործընկերներին, և հայաստանյան տեխնոլոգիական համայնքի զարգացման համար բացում են հնարավորություններ»,-բացման արարողության ժամանակ իր խոսքում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծեց՝ «ԴիջիԹեք»-ն իսկական տոն է Հայաստանի և մեր տեխնոլոգիական համայնքի համար։ Նա շեշտեց՝ ուղիղ մեկ տարի առաջ ներկաներին պատմում էր «ԴիջիԹեք»-ի առաքելության մասին, ներկայացնում գրանցած նվաճումները։ Եվ այս տարին ևս բացառություն չէ։ «Իմ կարծիքով՝ «ԴիջիԹեք»-ը նպատակ ունի աշխարհին ցույց տալ մեր տեխնոլոգիական ձեռքբերումները։ Այն լավ առիթ է, որ իրար տեսնենք և մեր գրանցած նվաճումների մասին խոսենք։ «ԴիջիԹեք»-ից հետո նոր լիցքերով վերադառնալու ենք կատարելու մեր աշխատանքը»,-նշեց նախարարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսն իր ընդգծեց, որ տարիներ առաջ Հայաստան գալով մասնակցել է «ԴիջիԹեք»-ին և ապշած է այն մասշտաբներից, որն այժմ ունի տեխնոլոգիական իրադարձությունը։ Նա ընդգծեց՝ Հայաստանի համար մեծ ձեռքբերում է, որ այն դարձել է ոչ միայն մեր երկրի, այլ տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումը։

ԱՏՁՄ համահիմնադիր, PicsArt ընկերության հիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը պատմեց տեխնոլոգիական իրադարձության ստեղծման և երկրի ՏՏ ասոցիացիայի ձևավորման պատմության մասին: Նրա խոսքով, DigiTec-ի առաջին միջոցառումները սկսվել են շատ համեստ ձևաչափով՝ ընդամենը 30 ընկերություն փոքր սրահում, բայց արդեն այն ժամանակ երազանք կար այն դարձնել համապետական մասշտաբի միջոցառում: Միջոցառմանը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը շնորհավորեց բոլորին և շնորհակալություն հայտնեց «ԴիջիԹեք»-ի աշխատանքներում ներգրավված բոլոր մասնակիցներին։ Նա ներկաների համար ընթերցեց «ԴիջիԹեք»-ի այս տարվա մանիֆեստը։

«ԴիջիԹեք 2025»-ի ինստիտուցիոնալ աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության։ Գործընկերներն են EU4Innovation East-ը (ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ, «Էքսպերտիզ-Ֆրանսի» կողմից)։ Թիմ Տելեկոմ Արմենիան, Inecobank-ը, TellCell-ը, PicsArt-ը։

Այս տարի առաջան անգամ ԱՏՁՄ-ն և RAMBALKOSHE արվեստակցական համայնքը Ինեկոբանի հետ միասին ներկայացնում են DZEN փառատոնը ԴիջիԹեքում։ Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:

Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեխնոլոգիաների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։ 

Կարդացե՛ք նաև

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները