Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Գեղամասար գյուղում Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ տեղադրվել են «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ։
Բացմանը ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։
«Անհրաժեշտ է գիտակցել, որ «Արմաթը» մեր կյանքում ոչ թե ուղղակի վայր է, ուր գնում ենք սովորելու, այլ միջավայր, որտեղ կերտում ենք մեր ապագան և հաջողությունը։ Եվ այդ միջավայրի ձևավորման հարցում չափազանց կարևոր է մեր գործընկերների հետ արդյունավետ աշխատանքը։ «Արմաթ»-ի առավելություններից մեկն էլ հենց այն է, որ դժվար է նշել մեկ այլ ծրագիր, որն ունի հարյուրավոր աջակիցներ և գործընկերներ։ Ինչպես մեր ավանդական քոչարիում, ուս ուսի տված մարդիկ շատ ավելին են կարող՝ և՛ աշխատանքում, և՛ դպրոցում, և՛ ռազմաճակատում», -ասել է Հայկ Չոբանյանը։
Հիշեցնենք, որ այժմ գործում է 621 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16 հազար երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։