OpenAI-ի դեմ հայց է ներկայացվել դեռահասի ինքնասպանության գործով․ ընկերությունը խոստանում է փոփոխություններ կատարել ChatGPT-ում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ի ղեկավարությունը մանրամասն ներկայացրել է ծրագրերը՝ ուղղված ChatGPT-ի աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների վերացմանը «նուրբ իրավիճակներում»։ Թեման օրակարգային է դարձել այն բանից հետո, երբ ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել ինքնասպանություն գործած դեռահասի ընտանիքը։

Ըստ դատական փաստաթղթերի՝ 16-ամյա Ադամ Ռեյնի ծնողները պնդում են, որ ChatGPT-ն ակտիվորեն օգնել է նրան ուսումնասիրել ինքնասպանության մեթոդներ։ OpenAI-ն արձագանքել է, որ համակարգը «վարժեցված է» վտանգավոր մտադրություններ արտահայտող օգտատերերին առաջարկել աջակցություն, սակայն երկարատև զրույցների ընթացքում երբեմն կարող են առաջանալ խափանումներ, ինչի հետևանքով տրվում են պատասխաններ, որոնք հակասում են անվտանգության քաղաքականությանը։

Ընկերության ներկայացուցիչները շեշտել են․ «Կշարունակենք կատարելագործել ChatGPT-ն՝ առաջնորդվելով փորձագետների խորհուրդներով և մեր պատասխանատվությամբ օգտատերերի հանդեպ։ Հույս ունենք, որ այս գործընթացին կմիանան նաև մյուսները, որպեսզի տեխնոլոգիան պաշտպանի մարդկանց հատկապես այն ժամանակ, երբ նրանք առավել խոցելի են»։

Ընկերությունը ներկայացրել է առաջիկայում սպասվող թարմացումը GPT-5 առաջատար մոդելի համար, որի շնորհիվ ChatGPT-ն կկարողանա նվազեցնել նուրբ հարցերի շուրջ քննարկումների լարվածությունը։ Բացի այդ, OpenAI-ն ուսումնասիրում է օգտատերերին հավաստագրված հոգեթերապևտների հետ կապելու հնարավորությունը՝ նախքան ճգնաժամի սրացումը։ Հնարավոր է նաև ստեղծվի փորձագետների խումբ, որի հետ օգտատերերը կկարողանան կապ հաստատել անմիջապես ChatGPT-ի միջոցով։ Ընկերությունը նաև խոստացել է ներդնել վերահսկման գործիքներ, որոնք կօգնեն ծնողներին ավելի լավ պատկերացում ունենալ, թե ինչպես են իրենց երեխաները օգտվում ChatGPT-ից։

Ռեյնի ընտանիքի փաստաբանի խոսքով՝ OpenAI-ն ընտանիքի հետ կապ չի հաստատել, ցավակցություն չի հայտնել և պատրաստակամություն չի ցուցաբերել միասին աշխատելու՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

CNBC-ն գրում է, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ․ արձանագրվել են նաև այլ ինքնասպանության դեպքեր՝ կապված ChatGPT-ի օգտագործման հետ։ Միևնույն ժամանակ, արհեստական բանականության ծառայությունների ժողովրդականությունը շարունակում է աճել՝ առաջացնելով մտահոգություններ դրանց կիրառման շուրջ՝ հոգեթերապիայի, շփման և սոցիալական կարիքների բավարարման նպատակով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները