Տիեզերքում 9 ամիս անցկացնելով՝ NASA-ի և «Ռոսկոսմոս»-ի չորս տիեզերագնացները վերջապես վերադարձի ճանապարհին են։ SpaceX-ի Crew Dragon տիեզերանավը հաջողությամբ անջատվել է Միջազգային տիեզերական կայանից (ՄՏԿ) և շարժվում է դեպի Երկիր։ NASA-ն և «Ռոսկոսմոս»-ը հաստատել են, որ թռիչքն ընթանում է ըստ պլանի, իսկ վայրէջքը նախատեսված է մարտի 19-ին՝ Ֆլորիդայի ափերի մոտ։
Սունիտա Ուիլյամսն ու Բարրի Ուիլմորը մեկնել էին ՄՏԿ 2024 թվականի հունիսի 5-ին Boeing Starliner տիեզերանավով։ Նրանց առաքելությունը պետք է տևեր ընդամենը ութ օր, սակայն Starliner-ի շարժիչային համակարգում հայտնաբերված խնդիրների պատճառով վերադարձը կրկին ու կրկին հետաձգվեց։ Խնդիրը կապված էր վառելիքի մատակարարման համակարգի անսարքության հետ, ինչը ստիպեց NASA-ին հետազոտել ու վերանայել վերադառնալու անվտանգ տարբերակները։
Այդ ընթացքում նրանց միացան Նիկ Հեյգը և Ալեքսանդր Գորբունովը, որոնք իրենց հերթին արդեն կես տարի անցկացրել էին կայանում։ Ի վերջո, NASA-ն որոշեց, որ լավագույն տարբերակը նրանց Crew Dragon տիեզերանավով վերադարձնելն է, ինչը հաջողությամբ մեկնարկեց այսօր։ Չնայած երկարաձգված առաքելությանը, տիեզերագնացները պահպանել են իրենց ֆիզիկական վիճակը՝ ամենօրյա մարզումներով։ Տիեզերքում երկար մնալը կարող է ազդել մկանների վրա, ինչպես նաև բարձրացնել ճառագայթման ազդեցության հետևանքով առաջացող հիվանդությունների ռիսկը։
Սունիտա Ուիլյամսի առողջության վերաբերյալ մտահոգությունները փարատել է նրա մայրը՝ նշելով, որ իր դուստրը շարունակել է ֆիզիկական ակտիվությունը, իսկ անձնակազմն ընդհանուր առմամբ լավ վիճակում է։
Boeing Starliner-ի անսարքությունը մեծացրեց NASA-ի և SpaceX-ի համագործակցության դերը՝ ապագա առաքելությունների ապահով կազմակերպման համար։
Կարդացեք նաև՝