SpaceX-ը սկսել է Ավստրալիայի օգտատերերին էլեկտրոնային նամակ ուղարկել Starlink-ի նոր «պահուստային պլանի» մասին 15 AUD դոլարով (մոտ 9 ԱՄՆ դոլար): Այս գումարի դիմաց առաջարկվում է 5 ԳԲ տրաֆիկի ծավալ, գրում է pcmag.com-ը։
Ընկերությունն իր էլեկտրոնային նամակում գրել է, որ SpaceX-ն այս պլանը համարում է օգտակար լուծում՝ արտակարգ իրավիճակներում կամ օգտատերերի հիմնական ինտերնետի աշխատանքի ձախողման դեպքում։
Նշվել է նաև, որ լրացուցիչ թրաֆիկ կարելի է ձեռք բերել 3 AUD-ով (1,86 դոլար) մեկ ԳԲ-ի դիմաց, որոնք կարող են օգտագործվել շարժման ընթացքում՝ երկրից դուրս կամ ափամերձ տարածքներում:
Առաջարկն, ըստ երևույթին, ուղղված է այն հաճախորդներին, ովքեր դադարեցրել են իրենց Starlink-ի բաժանորդագրությունը կամ մտածում են դադարեցնել դրա ծառայությունից օգտվելը, քանի որ նամակում նշվում է, որ բաժանորդները կարող են վերակտիվացնել Starlink ծառայությունը և անցնել պահեստային սակագնի:
Առաջարկը հակասական արձագանքներ է առաջացրել մարդկանց շրջանում․ ոմանք գովաբանում են կապի այս տարբերակը՝ որպես արտակարգ իրավիճակների դեպքում հարմար լուծում, մյուսներն՝ համարում անօգուտ ծրագիր:
Հիշեցնենք, որ վերջերս հաստատվել են Հայաստանի կողմից պաշտոնապես STARLINK-ի երկու հիմնական դիմումներ և ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ» ընկերության հայտերը բավարարվել են։ Այժմ Հայաստանը թեստավորման փուլում է, և ակնկալվում է, որ մոտակա ամիսներին այն կավարտվի, և ծառայությունն Հայաստանում ամբողջությամբ կշահագործվի։
Նշենք, որ արբանյակային ինտերնետ ծառայությունը ներկայումս ունի ավելի քան 4,6 միլիոն ակտիվ հաճախորդ ամբողջ աշխարհում: Սակայն ավելի շատ բաժանորդներ ներգրավելու համար, ըստ վերլուծաբանների, SpaceX-ը պետք է ավելի մեծ զեղչեր առաջարկի: