Ամերիկյան MicroStrategy ընկերությունը, որը հայտնի է BitCoin-ում իր զգալի ներդրումներով, ընդգրկվել է Nasdaq-100 ինդեքսում՝ դառնալով այս ցանկում առաջին կրիպտոակտիվներով զբաղվող ընկերությունը:
Nasdaq-100-ը ներառում է խոշորագույն ոչ ֆինանսական ընկերությունները, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը և Tesla-ն: MicroStrategy-ի ընդգրկումը այս ինդեքսում հնարավորություն կտա ընկերությանը հասանելի դառնալ խոշորագույն բորսայական ֆոնդերին, այդ թվում՝ Invesco QQQ ETF-ին, ինչը կբարձրացնի ներդրողների հետաքրքրությունը ընկերության բաժնետոմսերի նկատմամբ:
Ըստ CoinDesk-ի տվյալների՝ MicroStrategy-ի շուկայական կապիտալիզացիան նոյեմբերի 29-ի դրությամբ կազմել է մոտ $92 միլիարդ, ինչը ապահովել է ընկերության ընդգրկումը ինդեքսում: Bloomberg Intelligence-ի ավագ վերլուծաբան Էրիկ Բալչունասի գնահատմամբ՝ MicroStrategy-ն ինդեքսում կունենա մոտ 0.47% կշիռ, ինչը համեմատաբար փոքր է, սակայն նշանակալի է բիթքոյնի ներկայության համար:
Ներկայումս MicroStrategy-ն ունի մոտ $42 միլիարդ արժողությամբ բիթքոյն, ինչը ընկերությանը դարձնում է խոշորագույն կորպորատիվ բիթքոյն պահողը:
Սակայն, որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ ընկերության ներկայությունը ինդեքսում կարող է լինել ժամանակավոր, եթե այն վերադասակարգվի որպես ֆինանսական ընկերություն՝ հաշվի առնելով բիթքոյնի վրա նրա մեծ կախվածությունը: