Օգոստոսի 28-ին Փարիզի դատարանը մեղադրանք է առաջադրել Պավել Դուրովին և որոշել է դատական հսկողության տակ դնել վերջինիս՝ ազատ արձակելով 5 մլն եվրո գրավի դիմաց։
Բացի այդ Telegram-ի հիմնադրին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը, նա նաև պարտավոր է շաբաթը երկու անգամ ներկայանալ ոստիկանական բաժանմունք։
Հաղորդվում է, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել 6 հանցագործության համար, որոնցից են.
- Մեղսակցություն ապօրինի գործարքներին նպաստելուն.
- Մեղսակցություն պոռնոգրաֆիկ նյութերի տիրապետմանը, ներառյալ անչափահասների հետ,
- Մեղսակցություն թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը,
- Մեղսակցություն խարդախության մեջ,
- Կրիպտոլոգիական ծառայությունների մատուցում,
- Լիազորված մարմինների պահանջով անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելը
Ըստ մեղադրանքի՝ Դուրովին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ Պավել Դուրովը բերման էր ենթարկվել անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, Ֆրանսիա ժամանելուց անմիջապես հետո և մինչ օգոստոսի 28-ը պահվում էր անազատության մեջ։
Փարիզի դատախազությունից նաև հայտնել են, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները Telegram-ի դեմ նախաքննություն են սկսել այս տարվա փետրվարին՝ «դատական հարցումներին գրեթե իսպառ պատասխան չլինելու պատճառով»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, գործարարը դարձել է ֆրանսիացի իրավապահների թիրախը՝ Telegram-ում մոդերատորության բացակայության պատճառով. հարթակը մեծ տարածում է գտել հանցագործների շրջանում, և ըստ իրավապահների՝ վարչակազմը ոչինչ չի արել դրա դեմ և հրաժարվել է համագործակցությունից:
Դուրովի փաստաբան Դավիդ-Օլիվյե Կամինսկին «աբսուրդ» է համարում կարծելը, որ ծառայության ղեկավարը «կարող է ներգրավված լինել օգտատերերի հանցավոր գործողություններում»։ Նրա խոսքերը մեջբերում է TACC-ը՝ AFP-ին հղումով։
Ըստ նրա՝ Telegram-ը համապատասխանում է թվային տեխնոլոգիաների ոլորտում գործող եվրոպական բոլոր կանոնակարգերին։
Կարդացե՛ք նաև.
- Telegram հավելվածի ներբեռնումն աճել է Պավել Դուրովի ձերբակալությունից հետո
- Telegram-ն այժմ փակ ալիքներ ունի՝ վճարովի բաժանորդագրություններով և դիտումներով
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: