ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նոր զենք է ձեռք բերել հարկային հանցագործությունների դեմ պայքարում: Հուլիսի 3-ին ՊԵԿ-ում բացվել է թվային հետախուզության լաբորատորիա (ԹՀԼ)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: Լաբորատորիան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ծրագրերով, որոնք թույլ կտան բացահայտել, փաստաթղթավորել և վերլուծել էլեկտրոնային սարքերում պարունակվող թվային տվյալները:
ՊԵԿ նախագահը նշել է, որ ժամանակակից թվայնացված աշխարհում հարկային հանցագործությունների բացահայտումը բարդացել է, ինչը պահանջում է առավել արդիական գործիքակազմ: ԹՀԼ-ն առանցքային դեր է խաղալու թվային ապացույցների հավաքագրման և դատարանում ներկայացնելու գործում՝ նպաստելով ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարին:
Միջոցառման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՊԵԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև՝ սահմանելով լաբորատորիայի ամբողջ ներուժն օգտագործելու համագործակցության շրջանակը: Այս նախաձեռնությունը համահունչ է «Հարկը հանուն կայուն զարգացման» ծրագրի նպատակներին և ակնկալվում է, որ այն կնպաստի պետական ռեսուրսների մոբիլիզացմանը՝ արդյունավետ հասցեագրելով հարկային հանցագործությունները, կանխելով և կարգավորելով ֆինանսական ապօրինի հոսքերը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: