ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ, ANIF – Armenian National Interests Fund) 100% բաժնեմասի կառավարման լիազորությունը կհանձնվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին:
Որոշման նախագիծը կազմվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Հիմնավորման մեջ ասվում է, որ ԷՆ-ից Պետգույքի կառավարման կոմիտեին բաժնետոմսերի կառավարման փոխանցումը պայմանավորված է ՓԲԸ-ի հաշվետվության վերաբերյալ այս տարվա մարտի 14-ին կազմված արձանագրության պահանջներով, այն է՝ համապատասխան քայլեր ձեռնարկել ԱՆԻՖ-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:
ԱՆԻՖ-ի ստեղծման մասին Կառավարությունը որոշում էր կայացրել 2019-ի ապրիլին, իսկ ՓԲԸ-ն պետական գրանցում ստացել էր նույն տարվա մայիսին: Ընկերության բաժնետոմսերի կառավարումը 2019-2021 թթ. հանձնված է եղել Էկոնոմիկայի նախարարությանը (նախկինում՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն), 2021-ին լիազորությունը հանձնվել է վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին ընկերությունը նորից անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: