How2B-ն շարունակում է ներկայացնել կանանց, ովքեր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գյուտերի հեղինակներ են, սակայն քչերը գիտեն նրանց մասին:
Չնայած 80-ական և 90-ական թվականներին ծրագրային ապահովումը դարձավ տղամարդակենտրոն ոլորտ, սակայն պետք է հիշել, որ 1960-ական թվականներին աշխարհում շատ ազդեցիկ ծրագրավորողներ կանայք էին, օրինակ՝ Գրեյս Հոփերը՝ COBOL ծրագրավորման լեզվի ստեղծողը, ու եվս վեց կին ծրագրավորողներ, ովքեր պատասխանատու էին 1940-ականներին մշակված առաջին ծրագրավորվող թվային համակարգչի՝ ENIAC-ի ծրագրային ապահովումը գրելու համար։
Այսօր կպատմենք արդեն մեր օրերի երևելի կին գիտնականներից մեկի՝ Ռադիա Ջոյ Պերլմանի մասին, ով հնարավորություն է տվել մեզ ունենալ այն, ինչը մենք այժմ կոչում ենք ինտերնետ։
Ռադիա Ջոյ Պերլմանը՝ որպես «Ինտերնետի մայր»
Պերլմանը ամերիկացի համակարգչային ծրագրավորող և ցանցային ինժեներ է, ով կարևոր ներդրում ունի ցանցերի և տեխնոլոգիաների նախագծման աշխատանքներում։ Նա հայտնի է իր Spanning Tree Protocol (STP) գյուտով, որը ցանցային կամուրջների շահագործման հիմքն է։
Ռադիան, աշխատելով Digital Equipment Corporation-ում, ստացել է «Ինտերնետի մայր» մականունը: Նրա նորարարությունները հսկայական ազդեցություն են թողել ինտերնետ ցանցերի ինքնակազմակերպման և տվյալների տեղափոխման հարցում: Նա նաև մեծ ավանդ ունի ցանցի նախագծման և ստանդարտացման գործում՝ հնարավորություն տալով այսօրվա կապի աշխատանքը դարձնել ավելի ամուր, մասշտաբային և հեշտ կառավարելի:
Կարդացե՛ք նաև՝
- Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր
- Ներդրողների կողմից ներդրողների և ստարտափների համար ստեղծված հայկական Orion Score-ը և Էմմա Առաքելյանի հայանպաստ գործունեությունը
Ռադիայի ազգությունն ու ծննդավայրը
Ռադիա Ջոյ Պերլմանն այժմ 65 տարեկան է․ ծնվել է 1958 թվականին՝ Վիրջինիայում, ազգությամբ հրեա է: Նրա ծնողները երկուսն էլ ԱՄՆ կառավարությունում աշխատել են որպես ինժեներներ․ հայրը աշխատում էր ռադարի վրա, իսկ մայրը մաթեմատիկոս էր և համակարգչային ծրագրավորող:
Դեռ դպրոցական տարիներից Պերլմանը խորը հետաքրքրասիրություն է ցուցաբերել մաթեմատիկայի և բնագիտության հանդեպ։
Պերլմանի Spanning Tree Protocol (STP) և այլ գյուտերը
Ռադիա Ջոյ Պերլմանի հատուկ պրոտոկոլը, որը նա մշակել է 1980-ականներին (IS-IS), շարունակում է զարգանալ այսօր IP routing-ի համար։ Իսկ IP routing-ը մի գործընթաց է, որը սահմանում է ամենակարճ ճանապարհը, որի միջոցով տվյալներն անցնում են մեկ աղբյուրից դեպի մյուսը՝ նպատակակետին հասնելու համար: Այն որոշում է նույն կամ տարբեր ցանցի տվյալների՝ մի համակարգչից մյուս համակարգիչ ուղարկելու ամենակարճ ճանապարհը։
Պերլմանը նախագծել է նաև «ձգվող ծառի ալգորիթմը»՝ փոխակերպելով Ethernet-ը սկզբնական սահմանափակ մասշտաբայնությունից և միալար CSMA/CD-ից մի պրոտոկոլի, որը կարող է կառավարել մեծ ամպերը:
Գիտնականը Ստացել է մի շարք մրցանակներ և կոչումներ։ 2019 թվականին ընտրվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ։ Համարվում է, որ Պերլմանի «Փոխկապակցումներ» դասագիրքի շնորհիվ գիտությունը դուրս եկավ ցանցային պրոտոկոլների մշուշոտ դաշտից:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: