Ներդրողների կողմից ներդրողների և ստարտափների համար ստեղծված հայկական Orion Score-ը և Էմմա Առաքելյանի հայանպաստ գործունեությունը

Յուրաքանչյուր ոք կյանքի ինչ-որ փուլում ինքն իրեն հարցնում է՝ ի՞նչ է ուզում և դեպի ո՞ւր գնում։ Էմմա Առաքելյանը դեռևս երիտասարդ տարիքից գիտեր, որ ցանկանում է իր գործունեությամբ հայության համար օգտակար լինել։ Մի օր, որպես զբոսաշրջիկ հայտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նա հասկացավ, որ եթե կարողանա այնտեղ շարունակել իր կրթությունը, ապա կկարողանա ամուր հիմք դնել իր կարերայի համար, որի միջոցով էլ հնարավորություն կունենա իրակացնել իր մեծ նպատակները։ 

Այսօր Էմմա Առաքելյանը հանդիսանում է կառավարման խորհրդատվական ոլորտում փորձառու գործարար, հրեշտակ ներդրող, գրքի հեղինակ, խոսնակ, եղել է Նյու Յորքի և Կոլումբիայի համալսարանների դասախոս։ 2018-ին նա հիմնադրել է Orion Worldwide Innovations ընկերությունը, որը ստարտափների աճի և էկոհամակարգի զարգացման կենտրոն է։ Ավելի ուշ ստեղծել իր մեդիա ընկերությունը՝ Open Mind Productions, որի միջոցով կարողացել է շատերին փոխանցել իր գիտելիքն ու փորձառությունը։ Նրա ամբողջ գործունեությունը ծառայում է մի նպատակի՝ նպաստել Հայաստանի և հայերի շահերի պաշտպանությանն ու երկրի բարեկեցությանը։

Նյու Յորքը, Ernst & Young-ը, և վերադարձը Հայաստան

- Advertisement -

Երազանքներն ու ձգտումները դրդեցին Էմմային ինքն իրեն մարտահրավեր նետել և դիմել Նյու Յորքի համալսարան։ Մեկ տարի արագացված ծրագրով Էմման ուսումնասիրեց այդ ժամանակ Միացյալ Նահանգներում ամենաարագ զարգացող և ամենաբարձր վարձատրվող՝ տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտը։ Հիմքում ունենալով Հայաստանում ստացած քաղաքատնտեսության կրթությունը և դրան ավելացնելով տեխնոլոգիականը՝ Էմման սկսեց կառուցել իր մասնագիտական ուղին։ Նա մնաց Միացյալ Նահանգներում մոտ 25 տարի և այդ ընդացքում ձեռք բերեց փորձառություն աշխատելու ոչ միայն ամերիկյան, այլ նաև աշխարհի 46 երկրներում գտնվող ընկերությունների հետ։ Ամենաերկար համագործակցությունը Էմման ունեցավ Ernst and Young (այսուհետ` EY) միջազգային խորհրդատվական և հաշվապահական մեծ ընկերության հետ։

Ներդրողների կողմից ներդրողների և ստարտափների համար ստեղծված հայկական Orion Score-ը և Էմմա Առաքելյանի հայանպաստ գործունեությունը

2013 թվականին EY-ը կազմակերպեց “apricot party” միջոցառումը, որի նպատակն էր Հայաստանում համախմբել աշխարհի բոլոր հայ գործընկերներին: Սա լավ առիթ եղավ Էմմայի համար հայրենիք վերադառնալու և անմիջապես ձեռնամուխ լինելու հայերի բարօրությանը միտված իր վաղեմի նպատակը իրականություն դարձնելուն։ «Միջոցառման ավարտից անմիջապես երեք օր հետո Կենտրոնական բանկի հետ ծրագիր սկսեցինք»,- ասում է Էմման։ 

2013-ից մինչ այսօր Էմման կազմակերպել և ներգրավված է եղել բազում ծրագրերում, որոնք նպատակ ունեին համախմբել տարբեր ասպարեզներում աշխատող հայերի, արժևորել և զարգացնել ազգի նորարարական ձիրքը, ինչպես նաև աշխարհին ճանաչելի դարձնել հայերի աշխատանքը։ Ծրագրերի թվում էին 2019-ին Հայաստանում անցկացված WCIT Yerevan տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, 2022-ին Երևանում և 2023-ին Նյու Յորքում իրականացված Orion Summit ներդրումային գագաթնաժողովները և շատ այլ միջոցառումներ։ 

Թվային Ջուղա, ներդրումային բանկինգ, Orion Score. Էմմա Առաքելյանի բազմազան ծրագրերը

Ինչպես յուրաքանչյուր այց Հայաստան, այնպես էլ այս անգամ, Էմմայի այցելությունը պայմանավորված է նպատակաուղղված աշխատանքներով։ Ներկայիս այցի նպատակն է նպաստել իր նոր ստարտափի և «Թվային Ջուղա» ցանցի ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև իրականացնել Հայաստանում “investment banking” ներդրումային նոր մշակույթի զարգացմանը միտված աշխատանքներ։ 

Էմմայի տարաբնույթ աշխատանքները նրա անընդհատ առաջ գնալու, զարգանալու և նոր հնարավորություններ փնտրելու կերպարի արտահայտումն են։ Ինչպես նա է ասում՝ կանգառ չկա։ Այժմ, նա հպարտությամբ պատմում է իր նոր ստարտափի՝ Orion Score-ի մասին և նշում, որ չնայած շուկայում կան մոտ լուծումներ, այս ստարտափը իր բերած արժեքով նմանը չունեցող պրոդուկտ է ներդրողների համար։

Ի՞նչ է Orion Score-ը

Orion Score-ը հարթակ է, որը ավտոմատացնում է ստարտափների և ներդրողների փոխգործակցությունը՝ տրամադրելով ստարտափի՝ ներդրումներ ներգրավելու պատրաստվածության աստիճանի վերաբերյալ գնահատական՝ հակիրճ հաշվետվության տեսքով։ 

Այսպես, Orion Score-ը լուծում է երկու կողմերի համար համապատասխանաբար կարևոր խնդիրներ։ Ստարտափներին այն օգնում է հասկանալ, թե որքան է իրենց՝ ներդրում ստանալու հավանականությունը և ինչ չափորոշիչներ է հաշվի առնելու ներդրողը նախքան իրենց ընկերությունում ներդրում անելու որոշման գալը։ Ներդրողներին էլ օգնում է խնայել ժամանակ և, այդպիսով, նպաստում նրան, որ ներդրողները կարողանան ավելի շատ ստարտափների հետ աշխատել, քան մինչ օրս հասցրել են։ «Ամեն տարի շուրջ 300.000 նոր ստարտափ է ծնվում աշխարհում և այդ ստարտափներում ներդրումներ անելու համար կան ընդամենը 10-40 հազար վենչուրային ընկերություններ, աքսելերատորներ և հրեշտակ ներդրողների սինդիկատներ։ Քանակական տարբերությունը շատ մեծ է, և ժամանակը չի բավականացնում բոլոր ստարտափների հետ աշխատելու։ Իմ փորձից կարող եմ ասել, որ եղել են դեպքեր, երբ ստարտափները ներդրողների պատասխանին սպասել են 5-6 ամիս, որովհետև դիմումները այնքան շատ էին, որ ժամանակը չէր բավականացնում»,- բացատրում է Էմման։

Ներդրողների կողմից ներդրողների և ստարտափների համար ստեղծված հայկական Orion Score-ը և Էմմա Առաքելյանի հայանպաստ գործունեությունը

Ինքն էլ հանդիսանալով հրեշտակ ներդրող և լինելով ստարտափների ոլորտում 2010-ից՝ լավ Ինքն էլ հանդիսանալով հրեշտակ ներդրող և լինելով ստարտափների ոլորտում 2010-ից՝ լավ պատկերացնում է՝ ինչպես կարող է հարթակի տրամադրված ինֆորմացիան օգնել ավելի արդյունավետ դարձնել ներդրողների աշխատանքը։ Նա նաև ասաց, որ համաձայն իրենց իրականացրած հետազոտության, վենչուրային ընկերությունների մեծ մասը ստարտափի գնահատման առաջին փուլում ունեցած խոսակցությունների 80%-ը ցանկանում է կրճատել, քանի որ համարում է դա ժամանակի կորուստ։

Հաշվի առնելով այս ամենը, Orion Score-ի թիմը առանձնացրել է 20 հարց, որոնց պատասխանները ստանալուց հետո, պլատֆորմի հիմքում եղած արհեստական բանականության շնորհիվ արագ ստեղծվում է հաշվետվություն, որում կա ստարտափի մասին անհրաժեշտ հիմնական ինֆորմացիան։ Հաշվետվությունը ստանալու համար ստարտափին անհրաժեշտ է հարթակում գրանցվել և լրացնել հարցերը, որոնց մեջ կան և՛ նշովի, և՛ տեքստային պատասխանների դաշտեր։ Հարցերին պատասխանելուց հետո ծրագիրը տրամադրում է վերլուծությունը։

Վերլուծությունը հիմնվում է 5 կատեգորիաների վրա, որոնք են՝

  1. Հիմնադիրները և թիմը
  2. Ստարտափի ձեռք բերած հաճախորդների, նրանց ներգրավվածության և շուկայում ընկերության գրանցած պահանջարկի վերաբերյալ ինֆորմացիան (անգլ․՝ traction)
  3. Աճի և ընդլայնվելու պոտենցիալը
  4. Մրցակցային առավելությունները, ռիսկերը, շուկայի համապատասխանությունը, և
  5. Կիրառվող տեխնոլոգիայի նորարարության աստիճանը (անգլ․՝ disruptiveness)

Այս 5 չափանիշներից յուրաքանչյուրը առանձին գնահատվում է, սակայն նաև տրամադրվում է ընդհանուր գնահատական ստարտափի կարգավիճակի վերաբերյալ, որի առավելագույն միավորը 500-ն է։ Ստարտափը կարող է ձեռք բերել ամբողջական հաշվետվությունը և, դրանով առաջնորդվելով, հանդիպել ներդրողների հետ։ 

Ներդրողների կողմից ներդրողների և ստարտափների համար ստեղծված հայկական Orion Score-ը և Էմմա Առաքելյանի հայանպաստ գործունեությունը
Orion Score-ի կողմից տրամադրված հաշվետվության օրինակ

Orion Score-ը Orion Worldwide Innovations-ի և DMS ընկերության համագործակցության արդյունքն է։ Ստարտափի համար աշխատանքները սկսվել են 2022-ի վերջից և արդեն 2023 օգոստոսից պրոդուկտը շուկայում է։ Մեկ տարվա ընթացքում 200 ընկերություն, որից մոտ 40%-ը հայկական են, արդեն հասցրել են գնահատել իրենց ստարտափը պրոդուկտի միջոցով։ Orion Score-ն այս պահին պիլոտային կիրառվում է 30-ից ավելի վենչուրային ընկերությունների և համալսարանների կողմից, այսինքն, փորձարկում են պրոդուկտը, որ որոշ ժամանակ անց որոշում կայացնեն մշտական օգտագործելու վերաբերյալ։ Կան նաև վճարող օգտատերեր, որոնցից մեկը Ivy League համալսարաններից Jacobs Technion-Cornell Institute-ի հետազոտական կենտրոնն է, իսկ մյուսը` հայկական հրեշտակ ներդրողների ակումբը՝ AICA-ն։  

Ներդրողների համար Orion Score հարթակը տրամադրում է հնարավորություն մեկ վայրում տեսնելու, տեսակավորելու և համակարգված աշխատելու արդեն հարթակի միջոցով գնահատական ստացած ստարտափների հետ։ Բաժանորդագրվելով, ներդրողները կարողանում են ավելի հեշտ աշխատել և արագ որոշումներ կայացնել ստարտափների հետ համագործակցելու, ներդրումներ անելու վերաբերյալ։ 

«Մենք ուզում ենք սա դառնա գլոբալ ստանդարտ, որովհետև այս պրոդուկտը իսկապես մեծ աջակցություն և մեծ ուժ է, որը կօգնի ստարտափի էկոհամակարգի միմյանց հետ աշխատանքի զարգացմանը և արագ որոշումներ կայացնելուն։ Ինչո՞ւ ենք սա անում, որովհետև չենք ուզում որևէ խոչընդոտ լինի ստարտափների և նորարարությունների զարգացման համար»,- ասում է Էմման։ Նրա խոսքով, այս պահին զարգանում են տարբեր նորարարություններ տարատեսակ ոլորտներում, որպեսզի մարդկությանը օգնեն ավելի լավ ապրել։ Պետք է վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնց բախվում են այդ նորարարությունները, և տալ հնարավորություն ստարտափներին ունենալ իրենց դերը մարդկության կյանքում։ Նա ասում է,- «Դա հնարավոր է անել, եթե հեշտացվեն ստարտափի համար ներդրումներ ստանալու, ներդրողների հետ ճիշտ ժամանակին կապվելու և աշխատանքը արագացնելու գործընթացը»։

Orion Score-ի թիմը բաղկացած է 8 հոգուց և 2 խորհրդատուից՝ բոլորը հայ։ Էմման ստարտափում ռազմավարական աճի տնօրենն է, ում նպատակն է հասկանալ և պլանավորել պրոդուկտի աճը։ Առաջիկա երեք տարին արդեն պլանավորված է և կան որոշակի փոփոխություններ, որոնք պրոդուկտի զարգացման համար կարևոր քայլեր են, սակայն այդ փոփոխությունները իրականացնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում։ «Մայիսի կեսին սկսում ենք fundraising-ը։ Չէ՞ որ մենք ստարտափ ենք և նույնպես կարիք ունենք ներդրումների։ Մենք նույնպես գնահատել ենք մեր ստարտափը պրոդուկտի միջոցով և պատրաստվում ենք սկսել ֆինանսավորում փնտրել»,- ասում է Էմման։

Ստարտափի զարգացմամբ զբաղվելուց և իր հիմնադրած ըկերությունը ղեկավարելուց բացի, Էմման իր թիմի հետ արդեն 2,5 տարի շատ մեծ ուշադրություն է դարձնում և ակտիվ աշխատանքներ իրականացնում Հայաստանում բանկային ներդրումային գործունեության (անգլ․՝ investment banking) մշակույթի զարգացման համար, որը նախատեսում է ներդրումային լրիվ այլ, նոր մշակույթ, գիտելիքներ և պատրաստվածություն։ «Այս պահին համագործակցում ենք և՛ EY, և՛ BDO Armenia-ի հետ ոլորտի զարգացման համար։ Նման մոտեցումը տալիս է հնարավորություններ և՛ ստարտափներին, և՛ ներդրողներին։ Այսպես Հայաստանը ավելի է մոտենում բանկային մեծ կապիտալ ներդրումներին և աշխարհի համար ավելի հետաքրքիր դառնում նման ներդրումներ կատարելու համար»,- բացատրում է էմման։ Այս առիթով փետրվարին Էմման և իր թիմը կազմակերպել էին գործարար նախաճաշ, որի միջոցով բացատրել էին՝ ինչպես վենչուրային ներդրումների միջոցով հայ ստարտափերները կարող են բիզնեսը առաջ տանել և ավելի մեծ գումարներ վաստակել։

Էմմայի առօրյայի և մտածելակերպի մասին

Սկսելով օրը առավոտյան 8-ից և աշխատելով մինչ կեսգիշեր՝ Էմման վստահ ասում է, որ իր ժամանակը տեղավորողը ինքն է, և եթե կա որևէ գործ, որը նա ուզում է անել, ապա անպայման ժամանակ կգտնվի։ «Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ դու ինքդ որոշում ես, որ կարող ես։ Շատ կարևոր է ներքին ուժը, և չբողոքելը, որովհետև, երբ բողոքում ես, պարզապես չի ստացվի»,- ասում է Էմման։

Ներդրողների կողմից ներդրողների և ստարտափների համար ստեղծված հայկական Orion Score-ը և Էմմա Առաքելյանի հայանպաստ գործունեությունը

Նա նախապես պլանավորում է իր շաբաթը և հատուկ նշում այն ազատ ժամանակը, որը կարող է տրամադրել չնախատեսված հանդիպումներին և քննարկումներին։ Նրա խոսքով, ամեն ինչ հասցնելու համար շատ կարևոր է ունենալ ինքնավարման հմտություններ, դրական տրամադրվածություն և հումոր։ «Երբ քո առաջ բացվում են տարբեր դռներ, կարևոր է բոլորից օգտվել, եթե դրանք քո նպատակին աջակցող հնարավորություններ են»,- ասում է նա։ Կարևոր է կարողանալ նաև դնել ճիշտ առաջնահերթություններ և հետևել երկարաժամկետ նպատակին։ Դժվարությունների դեպքում երկարաժամկետ նպատակը չպետք է փոխվի, այլ միայն նպատակին հասնելու ճանապարհը։ 

Աշխատանքում ակտիվ ներգրավվածություն ունենալուց բացի Էմման նաև ունի հոբբիներ։ Նրա հոբբիների թվում են բլոգ գրելը և podcast վարելը, ինչի միջոցով նա կարողանում է իր գիտելիքները փոխանցել ավելի շատ մարդկանց։ Այդ հոբբիի արդյունքում է, որ նա ստեղծել է Open Mind Production մեդիա ընկերությունը։ Այս ամենից բացի, նա հետաքրքրվում է թանգարաններ այցելելով և շատ կարևորում է հայոց պատմությունը ուսումնասիրելը ու այն ավելի լավ հասկանալը։ Սա իր հերթին նպաստում է նոր ծրագրերի ստեղծմանը, որոնցից է «Թվային Ջուղա» ցանցը։ 

Էմման նաև զբաղվել է սպորտով՝ վոլեյբոլով, նվագել կիթառ և երգել։ «Եթե տաղանդ ունես, կարևոր է որևէ ձև դա օգտագործել, ու ժամանակ տրամադրել հոբբիով զբաղվելու համար»,- ասում է նա։

Այսպիսի տարաբնույթ զբաղմունքներով Էմմա Առաքելյանն աստիճանաբար զարգացրել և մեծացրել է իր մասնագիտական հնարավորությունները։ Նրա բոլոր քայլերի հիմքում ունենալով մեկ մեծ նպատակ, նա շարունակում է իրականացնել ոլորտում իր ակտիվ գործունեությունը։ Նրա ջանքերի շնորհիվ ոչ միայն իրականացվել են օգտակար ծրագրեր, այլ նաև շրջապատում հայտնվել այնպիսի օտարերկրացիներ, ովքեր հայերից ոգեշնչված իրենց համարում են ABC- Armenian by choice (հայ․՝ ընտրությամբ հայ), այսինքն՝ ընտրում են լինել հայ։

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ներդրողների կողմից ներդրողների և ստարտափների համար ստեղծված հայկական Orion Score-ը և Էմմա Առաքելյանի հայանպաստ գործունեությունը
Մերի Դոխոյան
Հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք ունի ասելիք, որով կարող է կրթել և ոգեշնչել դիմացինին: Զրուցում եմ հայ ստարտափերների և գործարարների հետ և գրում նրանց անցած ճանապարհի, մտածելակերպի և հիմնադրած ընկերությունների մասին: