Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։ Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն շուկայից դուրս է մղել ավանդական տաքսի ծառայություններին: Գրանցված 3162 կազմակերպություններից 2787-ը 2018-2023 թթ. այս ոլորտում որևէ գործունեություն չի իրականացրել, մնացածների վճարած հարկերը զգալի նվազել են։
Ներկայումս օրենսդրորեն սահմանված չեն էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների վերահսկման և կարգավորման մեխանիզմներ՝ կապված ծառայությունների որակի կամ հարթակների պատասխանատվության հետ:
Հարթակներում ուղևորափոխադրման հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը լիարժեքորեն չի ներկայացված: Մյուս կողմից, հարթակների գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս օգտագործել օգտատերերի մասին տեղեկատվությունը բավականին լայն շրջանակի նպատակների համար։
Դիտարկված ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է աճել. գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողի մասնաբաժինը 2021-2023 թթ. ավելացել է:
Առաջարկվում է սահմանել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը նաև նման հարթակներով բեռնափոխադրման մասով և տրանսպորտի ոլորտի կարգավորման դաշտի լայնացման միջոցով դիտարկել հարթակի միջոցով մատուցվող ծառայությունների համար հարթակի սեփականատիրոջ պատասխանատվության շրջանակը, հարթակի աշխատանքի մեխանիզմն ու նման հարթակների հետ վարորդների և տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների փոխգործակցության կարգավորման հարցերը։ Այս համատեքստում արդյունավետ կարող է լինել նաև վարորդների և ընկերությունների ռեեստրների ստեղծումը, ինչը կօգնի վերահսկել ծառայություն մատուցող վարորդների լիցենզավորված լինելու հանգամանքը և զգալիորեն կբարելավի ուղևորափոխադրման ծառայությունների որակը։
Հարթակում տեղեկատվության ներկայացման և սպառողներից հավաքագրված տեղեկատվության օգտագործման վերաբերյալ պետք է սահմանվեն հստակ կանոններ, որոնք սպառողներին թույլ կտան հիմնավորված որոշումներ կայացնել, միաժամանակ արդյունավետորեն կպաշտպանեն սպառողների մասին հավաքագրված տեղեկատվության օգտագործման չարաշահումներից։
Կարդացեք նաև՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: