Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը 2023թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է շուրջ 2000-ով, տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումից:
Եթե 2023թ. օգոստոսին գործարքների թիվը 19221 էր, ապա սեպտեմբերին այդ թիվը կազմել է 17253, որը նույնիսկ 20-ով ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից:
Գործարքների մեծ մասը բաժին է ընկնում Երևանին՝ 4795 գործարք, այնուհետև՝ Կոտայքի մարզին՝ 3162 գործարք: Հաջորդում են Երևանին մոտ գտնվող մյուս մարզերը՝ Արմավիրը (1731 գործարք), Արարատը (1608), Արագածոտնը (1143):
Գործարքների մոտավորապես 1/3-ը անշարժ գույքի օտարման գործարքներ են՝ առուվաճառք, նվիրատվություն կամ փոխանակում: Ընդհանուր առմամբ, կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 1041 գործարք: Չնայած գործարքների քանակի նվազմանը՝ բնակարանների 1 քառ. մ մակերեսի գինը բարձրացել է:
Սեպտեմբերին Երևանի Կենտրոն վարչական շրջանում 1 քառ. մ-ի արժեքը կազմել է 860 000 դրամ՝ նախորդ ամսվա 840 300-ի դիմաց: Իսկ ահա նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գինը աճել է 110 000 դրամով՝ գրեթե 15%-ով: Գները աճել են նաև մյուս բոլոր վարչական շրջաններում՝ 1 քմ-ի դիմաց 3000-ից 10000 դրամով:
Վարչական շրջան | 1 քմ գինը (Սեպ 2023) |
---|---|
Կենտրոն | 860000 |
Արաբկիր | 603500 |
Դավթաշեն | 438500 |
Քանաքեռ-Զեյթուն | 409100 |
Էրեբունի | 382900 |
Աջափնյակ | 381000 |
Շենգավիթ | 373000 |
Նոր-Նորք | 370500 |
Ավան | 370100 |
Մալաթիա-Սեբաստիա | 369500 |
Նուբարաշեն | 218000 |
Բնակարանների գները մարզերում նույնպես աճել են, կամ առնվազն նույնն են մնացել: Հանրապետության քաղաքներից գներն ամենաբարձրն են Ծաղկաձորում (400000), Աբովյանում (264000) և Վաղարշապատում (240000):
Քաղաք | 1 քմ գինը (Սեպ 2023) |
---|---|
Ծաղկաձոր | 420000 |
Աբովյան | 264000 |
Վաղարշապատ | 240000 |
Եղվարդ | 200000 |
Մասիս | 195000 |
Արտաշատ | 193500 |
Դիլիջան | 187000 |
Գորիս | 186000 |
Աշտարակ | 185000 |
Նոր Հաճն | 185000 |
Այլ քաղաքներ | |
Գյումրի | 160000 |
Վանաձոր | 133000 |
Արմավիր | 133000 |
Հրազդան | 125500 |
Սևան | 132100 |
Կարդացե՛ք նաև՝
- ՀՀ բանկերի վերելքը 1000 խոշոր հարկատուների ցանկում
- Ո՞ր ոլորտներում է ավելի բարձր աշխատավարձը Հայաստանի տնտեսությունում
- Խոշոր հարկատուների տասնյակում նորեկներ կան
Հետևե՛ք ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: