ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է հանձնել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին:
Լիցենզիան հնարավորություն կտա հիմնադրամին առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ 2020 թվականի մարտին ընդունված «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել:
«Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք: Թող սա հիմք հանդիսանա մեր համագործակցության, որպեսզի կյանքի կոչվեն նախանշված բոլոր ծրագրերն ու մտադրությունները»,- իր խոսքում նշել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնելու, աջակցելու լաբորատորիայի գործունեությանը:
Նշենք, որ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով CubeSat նանո արբանյակի մշակման, ստեղծման, ծրագրավորման, փորձարկման արձակման կազմակերպման ծրագրի գործընթացը։ Արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին և նոյեմբերին այն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: