Twitter-ի գլխավոր տնօրեն ու սեփականատեր Իլոն Մասկը մտադիր է սոցիալական ցանցի հիմքի վրա ստեղծել լիարժեք վճարային համակարգ, որը կկարողանա մրցակցել PayPal-ի և Apple Pay-ի հետ, հաղորդում է Financial Times-ը:
Աղբյուրի տվյալներով՝ ընկերությունն արդեն իսկ հայտ է ներկայացրել ԱՄՆ համապատասխան պետական մարմիններ՝ վճարային համակարգի գործունեության արտոնագրեր ստանալու: Դա կարող է տևել մինչև մեկ տարի, որից հետո Twitter-ն արդեն կսկսի աշխատել նաև միջազգային շուկայում գործելու համար լիցենզիաներ ձեռք բերելու վրա:
Ըստ Մասկի գաղափարի՝ ծառայությունը թույլ կտա ոչ միայն կատարել միանգամյա վճարումներ ու կատարել խնայողություններ, այլև գործարքներ կատարել նաև կրիպտարժույթներով: Նա հայտարարել է, որ Twitter-ը պետք է մեկ «համապարփակ» հավելվածով ֆինտեխ ծառայություններ մատուցի:
«Twitter Payments LLC» ընկերությունը Մասկը գրանցել է դեռ 2022թ. օգոստոսին, նույնիսկ սոցիալական ցանցի ձեռքբերումից առաջ: Նրա ֆինանսական կանխատեսման համաձայն՝ արդեն 2028թ. վճարային համակարգը մոտ 1,3 մլրդ դոլարի շահույթ է ապահովելու:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։