«Թռչունն ազատ է արձակվել»,- Twitter-ում գրել է սոցցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկը։ Նա կարող է նաև դառնալ ընկերության նոր գործադիր տնօրենը, գրում է vc.ru-ն:
Tesla-ի գործադիր տնօրենը Twitter-ը գնելու գործարքն ավարտել է՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար:
Որպես Twitter-ի նոր սեփականատեր՝ Մասկը նախ աշխատանքից ազատել է ընկերության մի քանի բարձրաստիճան ղեկավարների և Tesla-ից իր ինժեներներին բերել է գլխավոր գրասենյակ, որպեսզի կարողանան ստուգել Twitter-ի կոդը: Իսկ աշխատակիցների 75 տոկոսին խոստացել է չազատել աշխատանքից։
Սեփականատեր դառնալուց հետո ձեռնարկատերը աշխատանքից նախ հեռացրել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին, ով փոխարինել է Ջեք Դորսիին 2021 թվականի վերջին, ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին և իրավական քաղաքականության, վստահության և անվտանգության բաժնի ղեկավար Վիջայա Գադեին:
Գործարքի ավարտի պահին նրանք եղել են ընկերության գլխամասային գրասենյակում և դուրս են բերվել անվտանգության աշխատակիցների կողմից:
Մասկի խոսքով՝ Twitter-ի կեղծ էջերի քանակի հարցում երեքն էլ մոլորեցրել են և՛ իրեն, և՛ ներդրողներին։
Մասկը աշխատանքից ազատել է նաև հաճախորդների հետ աշխատանքների գծով տնօրեն Սառա Պերսոնետին և գլխավոր իրավախորհրդատու Շոն Էդջեթին:
Ըստ աղբյուրների, աշխատանքից ազատված բոլոր թոփ-մենեջերները փոխհատուցում կստանան։ Ագրավալը կարող է ստանալ 38,7 մլն դոլար, Սեգալը՝ 25,4 մլն դոլար, Գադեն՝ 12,5 մլն դոլար, իսկ Պերսոնետը՝ 11,2 մլն դոլար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։