2023թ. Գյումրիում կմեկնարկի «Շիրակ Պորտ» արդյունաբերական պարկի շինարարությունը, հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Եկատերինբուրգի «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Նախարարը նշել է, որ արդյունաբերական տարածքների և տեխնոպարկերի ստեղծման անհրաժեշտությունն առաջ է եկել նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման արդյունքում: Քերոբյանը հեռանկարային է համարել հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների հիմնումը քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի և բարձր տեխնոլոգիաների բնագավառում՝ կոչ անելով ռուսական ընկերություններին ակտիվ մասնակցել նման նախագծերին:
Քերոբյանը նշել է, որ պետական և մասնավոր հատվածների համագործակցության արդյունքում առաջիկայում հիմնվելու է 4 արդյունաբերական պարկեր, բացի Գյումրիից նաև Աբովյան, Արարատ և Մեղրի քաղաքներում: Արդյունաբերական այս տարածքները ունենալու են լավ զարգացած ենթակառուցվածքներ՝ թույլ տալով ներդրողներին արագ արտադրություն հիմնել:
Գյումրիում դիտարկվում է «ցամաքային նավահանգիստ» ստեղծելու տարբերակը, որը կառանձնանա զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքներով, այդ թվում՝ երկաթուղային: Մոտ 400 հա տարածքով արդյունաբերական պարկը մոտ տեղակայված կլինի թե՛ օդանավակայանին, թե՛ երկաթուղուն, և թե՛ «Հյուսիս-Հարավ» մայրուղուն: Ակնկալվում է, որ Գյումրիում ստեղծվելիք պարկը ապագայում կապահովի ՀՀ ՀՆԱ-ի 3%-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։