ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին՝ ցուցահանդեսին ներկայանալով «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի 17-21-ը ներկայացնելու են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։ Ցուցադրվելու են ոչ միայն արդեն պատրաստի արտադրանք ու ծրագրեր, այլև հեռանկարային նախագծեր, որոնք կարող են դյուրացնել տվյալ ոլորտներում նոր համագործակցությունների մեկնարկն ու ընդլայնումը:

ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, արդեն գտնվում ենք փետրվարի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։
Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և հանդիսանում է աշխարհի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկը, որտեղ այս տարի սպասվում են շուրջ 150,000 այցելուներ։
Միջոցառմանը փետրվարի 16-ին նախորդել է Միջազգային պաշտպանական համաժողովը (IDC), որին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հրավերով մասնակցել և «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում որպես բանախոս հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: