Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ փոփոխությանը։ Կոնցեսիոները գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Corporación América Airports» ընկերությունն է։ Համաձայն որոշման՝ կոնցեսիոները պարտավորվում է կատարել շուրջ 425 միլիոն դոլարի կապիտալ ներդրումներ՝ կառուցելով նոր տերմինալ, ինչպես նաև կառավարության համաձայնեցմանը ներկայացնել մաստեր պլանը և ներդրումային ծրագիրը։ Բոլոր ներդրումները պետք է իրականացվեն մինչև 2033 թվականը, իսկ կոնցեսիոն պայմանագրի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը։
Փոփոխություններն ուղղված են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորատար և բեռնատար հզորությունների ընդլայնմանը, ինչպես նաև կոնցեսիայի պայմանների արդիականացմանը։ Մասնավորապես՝ չեղարկվում են եկամտաբերության երաշխավորված նորման (IRR) և վնասի փոխհատուցման բանաձևերը, անվավեր է ճանաչվում պայմանագրի անժամկետ երկարաձգման մասին կետը, ինչպես նաև հանվում են սահմանափակումները Կապանի «Սյունիք» օդանավակայանի նկատմամբ։
Սահմանվել է նաև, որ սակագները կճշգրտվեն տարին մեկ անգամ՝ հաշվի առնելով Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի գնաճի ցուցանիշները։ Այն դեպքում, եթե երկու տարվա ընթացքում ուղևորահոսքը նվազի տարեկան 4 միլիոն մարդուց ոչ կոնցեսիոների մեղքով, պետությունը կկարողանա փոխհատուցել կրած վնասները սակագնային ճշգրտումների միջոցով, բայց ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով։ Փաստաթուղթը հանձնարարվել է ստորագրել մեկամսյա ժամկետում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://e-gov.am/sessions/ (օրակարգի 27-րդ կետ):












