Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) HSBC Հայաստան բանկի ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանը:
Նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել ծրագրավորման, ինչպես նաև փափուկ հմտությունների դասընթացներ մարզի երիտասարդների համար:
42 շահառու հնարավորություն կստանա մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների հետևյալ թեմաներով
- Համակարգչային տեխնիկա/հիմնական հմտություններ
- Վեբ ծրագրավորում (HTML / CSS / JavaScript),
- Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)
- Գրաֆիկ դիզայն (Graphic Design)
Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն նաև նոր ծանոթություններ ՏՏ ընկերությունների և ԳՏՏԿ գործընկեր կազմակերպությունների շրջանում ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:
«Ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ճանապարհ կհարթեն Տավուշի մարզի երիտասարդների համար և կօգնեն նրանց աշխատանք գտնելու հարցում: Նախատեսվում է, որ նախագծի ավարտից հետո շրջանավարտների մեծամասնությունը կապահովվի աշխատանքով, ինչը կնպաստի մարզում աշխատունակության բարձրացմանը, հետևաբար նաև` կայուն տնտեսական զարգացմանը»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։