«Ընկերությունների մեծ մասը կործանման եզրին են, սա դրամի պատմության ամենակտրուկ տատանումն էր». Հայկ Չոբանյան

Արտարժույթի տատանման հետևանքով մեծ վնաս են կրում նաև ներդրումային ծրագրերը, որոնք ապահովում են երկրի տնտեսության զարգացումը հետագա մի քանի տարիներին:

Վերջին լուրերը
«Ընկերությունների մեծ մասը կործանման եզրին են, սա դրամի պատմության ամենակտրուկ տատանումն էր». Հայկ Չոբանյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

2022-ի ապրիլից սկսած մեր ֆինանսական շուկայում արտարժույթի սրընթաց փոփոխությունը դրամի պատմության մեջ ամենակտրուկ տատանումն էր, ասում է ԱՏՁՄ նախագահ Հայկ Չոբանյանը:

How2b.am-ը զրուցել է ԱՏՁՄ նախագահ Հայկ Չոբանյանի հետ, թե արտարժույթի փոփոխությունն ինչ ռիսկեր ու հետևանքներ է առաջացնում Հայաստանում աշխատող ընկերությունների վրա :

Ընկերությունների մեծ մասը կործանման եզրին են: Սա դրամի պատմության մեջ ամենակտրուկ անկումն էր.

Ս.թ. ապրիլից սկսած դոլարի փոխարժեքի սրընթաց անկումը, որը կրիտիկական սահմանի հասավ հունիս ամսին, անհաղթահարելի խնդիրներ է առաջացրել Հայաստանի տնտեսության համար ողնաշար հանդիսացող արտահանող կազմակերպություններից շատերի մոտ։ Նախորդ ամիսների ընթացքում ընկերությունների մեծ մասը չվերականգնվող վնասներ են կրում, որի պատճառով նրանցից որոշները գտնվում են կործանման եզրին։ Վերջին անգամ, նմանատիպ իրավիճակ ունեցել ենք 2008 թվականին, ընդ որում այդ ժամանակ այսպիսի կտրուկ անկում չի եղել: Ըստ էության սա դրամի պատմության մեջ ամենակտրուկ տատանումն էր:

Դոլարի էժանացումը լուրջ հարված է Հայաստանում արտահանման բաղադրիչի զարգացմանը և հակառակը՝ լուրջ խթան է ստեղծում Հայաստանում ներմուծման բաղադրիչի զարգացմանը.

Մեկնաբանություններ կան, որ դոլարի էժանացումը բերում է տնտեսության՝ մասնավորապես, սպառողների կյանքի որակի բարելավմանը: Առաջին հայացքից տրամաբանված հայտարարություններն են, բայց երբ ավելի ենք խորանում թեմայի մեջ ու փորձում ենք վերլուծել իրավիճակը, թե ինչպիսի ազդեդություն կարող է ունենալ բնակչության, տնտեսության ու երկրի ապագայի վրա, հասկանում ենք, որ այս իրավիճակը չափազանց ծանր հետևանքներ է ունենում տնտեսության վրա: Մասնավորապես այն առումով, որ այս իրավիճակն առաջին հերթին վնասում է արտահանող ոլորտին (ցանկացած տնտեսության մեջ այս ոլորտը համարվում է ողնաշարային ուղղություն, առավել ևս ՀՀ-ի համար): Պետությունը որևէ քայլ չձեռնարկելով և ընդամենը հայտարարություններ անելով լուրջ հարված է հասցնում Հայաստանում արտահանման բաղադրիչի զարգացմանը և հակառակը՝ լուրջ խթան է ստեղծում Հայաստանում ներմուծման բաղադրիչի զարգացմանը: Կրկին շահում է ներկրողը, որի ռիսկերը պատմականորեն, ավանդաբար ու տրամաբանոեն միշտ ավելի ցածր են քան թե արտադրողի ռիսկերը, որի գործունեությունն ավելի պարզ և պրիմիտիվ է, քան թե արտադրողինը, քանի որ ներկրողի բիզնեսը ավելի կարճաժամկետ է, քան թե արադրությունը, որը շատ ավելի հեռանկարային ուղղություն է երկրի տնտեսության համար: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ նման իրավիճակներում լինի կտրուկ, հատուկ, արագ ու շտապ գործողություններ: Հայտարարությունները բացարձակ պետք չեն, որովհետև դրանք ավելի շատ մեծացնում են խուճապը երկրի ներսում և երկրից դուրս ու որևէ օգուտ չեն տալիս, քանի որ շահառուների շարքում են ոչ միայն մեր արտահանող բիզնեսները այլև նրանց հաճախորդները և պատվիրատուները, որոնք հետաքրքրված չեն 20 կամ 30 տոկոս ավել վճարեն նույն ապրանքի կամ ծառայության համար և այդ վնասը ստիպված կրում են մեր բիզնեսմենները, որոնցից ոմանք արդեն գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

«Ընկերությունների մեծ մասը կործանման եզրին են, սա դրամի պատմության ամենակտրուկ տատանումն էր». Հայկ Չոբանյան

4 ամսվա ընթացքում բացի քննարկումներից, որևէ գործողության ծրագիր չենք տեսել.

Այն ընկերությունները, որոնք մեծ պահուստներ չունեն գտնվում են ոչնչացման եզրին: Օրեր առաջ հայտարարություն արեցինք, որտեղ հստակ նշված էր, որ պետք է անմիջապես կիրառել կարճաժամկետ աջակցության ծրագիր: Դա պետք է վերաբերի 2022 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսներին ու ներառի նաև մինչև դեկտեմբերը: Դրան զուգահեռ պետք է կիրառել ավելի երկարաժամկետ գործիքներ, ինչպես հիմնականում արտարժույթի ֆիքսման գործիքներն են՝ ֆյուչերսների տեսքով: ԱՏՁՄ-ի ակտիվությունն այս հարցով մի քանի հանգամանքով է պայմանավորված. առաջինը, որ մեր ոլորտն ավանդաբար արտահանող ոլորտ է և հիմնական արտահանումն իրականացվում է ԱՄՆ-ում, երկրորդ տեղում Եվրոպան է, որտեղ ևս կան եվրոյի կուրսի տատանումներ: Երկրորդը, որ մեր ոլորտը կազմակերպված ոլորտ է եղել և այս կազմակերպվածությունը հնարավորություն է տալիս որպեսզի մենք համակարգված մոտեցում ցուցաբերենք նմանատիպ խնդիրների վերաբերյալ: Մենք որպես ասոցացիա, պաշտպանում ենք ընկերությունների շահերը և իրավունք չունենք պասիվ լինելու: Ըստ էության, ամիսներ շարունակ, ապրիլ ամսվանից սկսած մենք ինտենսիվ բանակցությունների ու քննարկումների մեջ ենք և Կենտրոնական Բանկի և համապատասխան գերատեսչությունների հետ, հիմնականում Էկոնոմիկայի նախարարության, ԲՏԱ-ի, Ֆինանսների նախարարության և որևէ գործողությանն ծրագիր, կոնկրետ կիրառում այս չորս ամսվա ընթացքում չենք տեսել, բացի քննարկումներից:

Մեր առաջարկությունն այն է, որ գոնե տաս տոկոսը պետությունը կամ կառավարությունը վերցնի իր վրա.

Քննարկումների արդյունքում եկել ենք մեկ միասնական մոտեցման, որը նաև հետևանք է եղել ԿԲ-ի և համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումներից հետո: Իսկզբանե, մեր հիմնական պահանջը վերաբերել է դոլարի կուրսի պահպանմանը, որպեսզի կառավարությունն ազդի կուրսի պահպանման վրա և խանգարեն կտրուկ անկումը: Այդ քննարկման ընթացքում մենք ընդունել ենք, որ դա բավականին ռիսկային է գնաճի տեսանկյունից: Լսել ենք բոլոր գերատեսչությունների առաջարկները, իսկ մեր առաջարկությունը գրավոր ենք ներկայացրել Ֆինանսների, Էկոնոմիկայի, ԲՏԱ նախարարություններ և ՊԵԿ, որպեսզի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսների համար արտահանող բիզնեսների համար կիրառեն սուբսիդավորող ծրագիր, արտահանման ծավալի 10 տոկոսի չափով: Դրանով, ըստ էության 10 տոկոսով կմեղմենք ըկերությունների վնասը: Եթե միջինում 15-20 տոկոս է եղել վնասը, մեր առաջարկությունն այն է, որ գոնե 10 տոկոսը պետությունը կամ կառավարությունը վերցնի իր վրա: Առաջարի հիմնավորումն այն է, որ կառավարությունը հայտարարել էր 40 միլիարդ դրամ ավել հարկերի հավաքագրմանը, որի քիչ մասն է ընդամենն ուղվելու սուբսիդավորման ծրագրին:
Առաջարկին օֆիցիալ պատասխան դեռևս չենք ստացել:

Պետության անգործության պարագայում կլինեն ավելի կոշտ արձագանքներ

Օգոստոսի 10-ին նախատեսել ենք մեր երկրորդ հանդիպումը պատկան մարմինների հետ, որի ժամանակ պետք է քննարկենք մեր բաց հայտարարության և այս օֆիցիալ առաջարկի արդյունքները գործընկերների հետ և պետք է որոշում կայացնենք մեր հետագա քայլերի իրականացման համար: Եթե կառավարությունը շարունակի այս անգործությունը, ապա մեր կողմից ավելի կոշտ մեթոդներ կլինեն և դրանում շահագրգռված են բոլոր ասոցացիաները և մեր անդամ ընկերությունները: Չեմ ուզում բացել փակագծերը, թե որոնք են այդ քայլերը: Հանդիպումից հետո լրացուցիչ հայտարարություն կանենք:

«Ընկերությունների մեծ մասը կործանման եզրին են, սա դրամի պատմության ամենակտրուկ տատանումն էր». Հայկ Չոբանյան

Արտարժույթի տատանման հետևանքով մեծ վնաս են կրում նաև ներդրումային ծրագրերը, որոնք ապահովում են երկրի տնտեսության զարգացումը հետագա մի քանի տարիներին:

Վնաս կրում են բոլոր արտահանող կազմակերպությւոնները, բայց առանձնակի ուզում եմ շեշտել ներդրումային ծրագրերի վնասները: Եթե 1տարի առաջ ենթադրենք 10 միլիոն դոլար ներդրումը խնդիր էր լուծում, ապա այսօր այդ գումարով կլուծեն 20-30 տոկոսով ավելի փոքր խնդիր: Մենք շատ չենք խոսում դրա մասին, բայց այժմ ամենամեծ վնասները կրում են այն ընկերությունները որտեղ ներդրումներ են իրականացվել և իրականացվում են: Դրամի տատանումը հատկապես կրիտիկական է ՏՏ ոլորտի համար, որովհետև ՏՏ-ում հիմնական ծախսը աշխատավարձն է, որը վճարվում է դրամով: Եթե այլ ոլորտներում կարող են լինեն ծախսեր որոնք կատարվում են այլ արտարժույթով, ապա ՏՏ-ում հիմնական ծախսը աշխատավարձն է՝ դրամով: Այդ իսկ պատճառով, կուրսի տատանման ազդեությունը ՏՏ-ի մեջ բիզնեսի վրա 1:1 հարաբերակցությամբ վնաս է թողնում: Հենց այդ պատճառով, մեր ոլորտն այս իրավիճակում ամենախոցելիներից մեկն է: Բայց կան ոլորտներ որտեղ շատ ավելի ցածր են շահույթի մարժաները: Ենթադրում եմ, որ այդ ոլորտներն այժմ շատ ավելի ծանր վիճակում են գտնվում: Դրան օրինակ որոշակի արտադրող կամ վերամշակող գործարաններն են, որտեղ շահութաբերությունը կարող է լինել երեքից հինգ տոկոս: Սա նշանակում է որ 20 տոկոս տատանման դեպքում իրենք ունենում են մոտ 15 տոկոս վնաս: Մեր ոլորտի առանձնահատկությունն նաև այն է, որ ցանկացած շուկա դուրս գալով, ընկերությունները մեծ չափի նախնական աշխատանք ու ներդրումներ են կատարում և չի կարելի վերցնել ոլորտի տվյալ պահի շրջանառության մեջ շահութբերության տոկոսը, չափել դրանով ու ասել, որ ընկերությունն օրինակ ուներ 30 տոկոս շահութաբերության տոկոս և 20 տոկոս անկումն իրեն պահում է շահույթի մակարդակում:

Չի կարելի այսօր խեղդել մի ոլորտ, որը վերջին 10-15 տարում ամեն տարի ավելի շատ դարձել է այս երկրի տնտեսության լոկոմոտիվը, իսկ առաջիկա 10-15 պիտի շարունակի զարգացումը:

Մենք գործ ունենք մի ոլորտի հետ, որն առնվազն վերջին 10 տարում ամեն տարի ավելի կարևոր դեր խաղալով երկրի տնտեսության մեջ ըստ էության այսօր հանդիսանում է տնտեսության առաջ մղող ոլորտը: Նույնիսկ այնքան ակնհայտ է դա, որ Հայաստանում այսպիսի տարբրակում կա` ՏՏ և մնացած ոլորտներ: Դա հատկապես ակնհայտ երևաց այս տարվա ընթացքում, երբ մեր երկիրը հանգրվան հանդիսացավ տարբեր երկրների ձեռնարկությունների մասնագետների համար: Կորպորատիվ ռելոկացիան հսկայական դեր ունի տնտեսության մեջ և դրա համարմենք հատկապես շնորհակալ ենք արտահանող ձեռնարկություններին, որովհետև Հայաստանի ՏՏ շուկան այդ ոլորների համար, հատկապես ռուսական ուկրաինական, բելոռուսական ՏՏ ընկերությունների համար հետաքրքիր է, մասնավորապես որպես արտահանող շուկա: Չի կարելի այսօր խեղդել մի ոլորտ, որը վերջին 10-15 տարում ըստ էության ամեն տարի ավելի շատ դարձել է այս երկրի տնտեսության լոկոմոտիվը, իսկ առաջիկա 10-15 տարում պիտի շարունակի զարգացումը: Մանավանդ եթե հաշվի առնենք բոլոր այն ռազմավարական փաստաթղթերը, որոնց վրա հենվում են կառավարության ծրագրերը, որտեղ որ ՀՀ-ի համար ապագա ռազմավարական ցուցանիշների ապահովումը հնարավոր է դառնում միայն ՏՏ ոլորտի արմատական զարգացման տեմպերը պահելու շնորհիվ: ստացվում է, որ այս ամիսների անգործությունը ոչ միայն բերում է կարճաժամկետ թերացումների ու կորուստների մեր երկրում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, այլև երկարաժամկետ ռազմավարական հսկայական վնաս է հասցնում մեր երկրին:

Անգործությունը տիպիկ անվանումն է նրա ինչը որ հիմա կատարվում է ապրիլից մինչև օգոստոս:

Սա ընդհանրապես անընդունելի և անհասկանալի երևույթ է: Այսպիսի երևույթների արձագանքում են անմիջապես, այսպիսի երևույթներին պատրաստվում են նախապես, որպեսզի խնդիրը ծագելու դեպքում արագ արձագանք ունենան: Շատ երկրներում այսպիսի խնդիրների համար նախապես են պատրաստվում: Իսկ մենք ոչ միայն չենք պատրաստվել, ոչ միայն ժամանակին չենք արձագանքել կոնկրետ գործիքներով, այլև չորս ամիս է պարապուրդի ենք մատնված, խոսակցություններ, ելույթներ, խոստումներ են միայն:
Բազմաթիվ երկրներում կան բիզնես օմբուդսմենի ինստիտուտներ, մենք հասարակական հիմունքներով դարձել ենք այդ ինստիտուտը:

Սա համաշխարհային պրոցես է, բայց երևույթը համաշխարհային չէ և այստեղ մենք շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվել, քան մեր մրցակիցները

Երբ ասում ենք, որ շուկաներ ենք կորցնում, ապա կորցնում ենք այլ մրցակիցների հաշվին: Օրինակ Հնդկաստանում հակառակն է կատարվել, իրենց դրամն իջել է, որն ավանդաբար համարվում է հայկական սերվիզ ընկերությունների մրցակիցը: Եվրոպայում եվրոն է իջել: Արևելյան եվրոպայի երկրներում եւս, այդ թվում Բուլղարիայում, նախկին Հարավսլավիայի երկրներում, Լեհաստանում, որ համարվում են Հայաստանի մրցակիցը ՏՏ ծառայությունների ոլորտում, եվրոն է իջել: Բոլոր տեղերում, ըստ էության արտահանողները հայտնվել էն լավ վիճակում, որովեհտև իրենց ներքին օգտագործման արժույթի ռեյթը իջել է հակառակ վիճակին, որը մենք ունենք: Մրցակցային աշխարհագրության մեջ Հայաստանը միակ երկիրն է, որ այս վիճակում է գտնվում այդպիսի տոկոսներով: Այնպես որ, այն մեկնաբանությունները որ սա համաշխարհային պրոցես է, այո համաձայն ենք, բայց երևույթը համաշխարհային չէ և այստեղ մենք շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվում, քանի որ մեր մրցակիցները համաշխարհային մարտահրավերների ֆոնին հայտնվել են ավելի լավ վիճակում՝ արտահանման տեսակետից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները