Երևանում մեկնարկել է Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր հեռուստաստուդիայի շինարարությունը։ Այն կառուցվում է Հանրային հեռուստաընկերության տարածքում՝ հայ–չինական համագործակցության շրջանակում։
Նախագիծը ֆինանսավորվում է Չինաստանի կառավարության դրամաշնորհով, որի ընդհանուր գումարը կազմում է 10 միլիարդ դրամ կամ մոտ 26 միլիոն ԱՄՆ դոլար։ Շինարարությունն իրականացվում է որպես հայ–չինական մշակութային և մեդիա ոլորտների զարգացման ծրագրի մաս։
Նոր համալիրն ունենալու է ժամանակակից արտադրական պայմաններ՝ հագեցած բարձր տեխնոլոգիական լուսային, ձայնային և վիզուալ համակարգերով։ Այն կդառնա ոչ միայն Հանրային հեռուստատեսության գլխավոր արտադրական հարթակը, այլև նոր հնարավորություն՝ Հայաստանում զարգացնելու հեռուստատեսային, կինոարտադրական և մուլտիմեդիա բովանդակության շուկան։
Նախագիծը նախատեսվում է ավարտել առաջիկա տարիներին, ինչից հետո ենթադրվում է, որ Երևանը կունենա տարածաշրջանի ամենաժամանակակից մեդիակենտրոններից մեկը։