Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այդ ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ, ինչը 116 միլիարդ դրամով ավել է, քան նախորդ տարվա նույն ցուցանիշը։
Խոշոր հարկատուների ցուցակի կառուցվածքում արձանագրվել են նշանակալի տեղաշարժեր։ Առաջին տեղում է Մոբայլ Սենթր Արթը, որը մեկ հորիզոնական բարձրացել է 2024-ի երկրորդ տեղից՝ վճարելով ավելի քան 52.5 միլիարդ դրամ։ Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն, որը նույնպես առաջընթաց է գրանցել՝ բարձրանալով մեկ հորիզոնականով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2024-ին եղել է առաջին տեղում, 2025-ին իջել է երրորդ տեղ՝ վճարելով շուրջ 39.8 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնակի պակաս նախորդ տարվա 83.6 միլիարդից։
Բանկային և ՏՏ ոլորտի ընկերությունները 2025-ին զգալիորեն ամրապնդել են դիրքերը։ Արդշինբանկը բարձրացել է 19 հորիզոնականով՝ դառնալով հնգյակի անդամ, Ինեկոբանկը՝ 42-րդից 23-րդ, իսկ ԱԿԲԱ Բանկը պահպանել է իր կայուն 19-րդ տեղը։ ՏՏ ոլորտում աճը ներկայացնում են հատկապես Դիջիթեյնը և Soft Construct-ը, որոնք ձևավորել են ոլորտային առաջատարների նոր խումբ։
Տարածքային բաշխման առումով առաջին տասնյակից ութ ընկերություն գրանցված է Երևանում, իսկ մայրաքաղաքից դուրս առանձնանում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի կոմբինատը Սյունիքում, Թեղուտը՝ Լոռիում, և Ինթերնեյշնլ Մասիս Տոբակոն՝ Արարատի մարզում։

Կարդացեք նաև՝
Որքա՞ն հարկ են վճարել 1000 խոշոր հարկատուները 2025-ի առաջին կիսամյակում











