«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:
Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին:
«ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է նոյեմբերի 24-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզում World Travel Awards 2024 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։
Նախագիծն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել նաև 2021 և 2023 թվականներին։
«Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Մարիա Բուտենկոն ընդգծել է մրցանակի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար։ «World Travel Awards-ում հաղթելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի այս ծրագիրը ճիշտ էր մտածված, լիովին ծառայում է իր նպատակին և շարունակում է ու շարունակելու է օգուտ բերել Հայաստանին: «Տաթևեր»-ն, անկասկած, ավելացնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Մեր հիմնական նպատակն է հյուրերին լավագույնս ներկայացնել Հայաստանը՝ հատկապես նրա զարմանահրաշ հարավային շրջանը, և նրանց իսկապես անմոռանալի փորձ մատուցել: Հույս ունենք, որ այս հաղթանակը բազմաթիվ նոր հյուրերի կբերի Հայաստանի հարավ և նրանց առջև կբացի Տաթևի մշակութային և բնական հարստությունները»,- նշել է նա։
«ՏաԹևեր» ճոպանուղին գրանցած է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր)։
Նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում։