ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով նոր ֆինանսական բուրգի մասին, որը գործում է «djialgeriai» անվանմամբ։ Այս հարթակը քաղաքացիներին առաջարկում է գումարներ ներդնել դռոնների ոլորտում՝ խոստանալով բարձր եկամուտներ։ Ըստ ոստիկանության տվյալների՝ նախագիծն իր բնույթով կրկնօրինակում է Հայաստանում արդեն իսկ փլուզված «ՍիթիԲայք» ֆինանսական բուրգի գործելաոճը։
Իրավապահ մարմինը պարզաբանում է, որ նմանատիպ հարթակներում գոյացած եկամուտները ձևավորվում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ բացառապես նոր անձանց ներգրավման միջոցով։ Մասնակիցների ստացած «եկամուտը» փաստացի վճարվում է այն մարդկանց ներդրումներից, ում նրանք հրավիրել են հարթակ որպես ռեֆերալներ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ նման կասկածելի հարթակներում գումարներ ներդնելուց՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։










