Հայկական Uteach ստարտափն ընտրվել է մասնակցելու Եվրոպայի թիվ մեկ EdTech աքսելերատորի՝ SuperCharger Ventures-ի կողմից կազմակերպվող աքսելերացիոն ծրագրին։
Uteach-ը դարձել է 320 միջազգային դիմորդներից այն տասնչորս հաջողակներից մեկը, ով հնարավորություն կունենա ներկայացնել իր լուծումը Մալթայում անցկացվող կրթական-տեխնոլոգիական ստարտափ ծրագրին։
Արդեն չորս տարի է, ինչ Uteach-ն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովել լավագույն հարթակն օնլայն դասավանդողների համար, որի շնորհիվ դասընթացների ստեղծման և վաճառքի մի շարք գործընթացներ ավտոմատացվում են։ Հարթակին միացել են հազարավոր դասավանդողներ, քոուչեր, դասավանդման կենտրոններ և ակադեմիաներ ամբողջ աշխարհից, ովքեր հասցրել են կերտել իրենց հաջողության պատմությունը։
SuperCharger Ventures աքսելերատոր ծրագիրը ևս մեկ հնարավորություն է զարգացնելու ստարտափը։
«Ծրագրի մեկնարկելուն պես հասցրի ծանոթանալ մասնակիցների հետ աշխարհի տարբեր ծայրերից (Կանադա, Ֆրանսիա, Չինաստան և այլն)։ Անչափ հպարտ եմ, որ ի դեմս Uteach-ի Հայաստանը նույնպես SuperCharger Ventures-ի շահառու կրթական-տեխնոլոգիական ստարտափների ցանկում է։ Համոզված եմ, որ ծրագիրը կնպաստի Uteach-ի զարգացմանը, և մենք կշարունակենք ապահովել ավելի մեծ հնարավորություններ օնլայն դասավադման բիզնես գործընթացները հեշտացնելու համար»,- նշում է Uteach-ի համահիմնադիր-տնօրեն Հրայր Շահբազյանը։
Դառնալով տասներկուշաբաթյա ծրագրի մասնակից՝ տասնչորս ստարտափերին հնարավորություն կտրվի գտնել բիզնեսի առջև դրված մարտահրավերների լուծման նոր հնարավորություններ, ինչպիսիք են, օրինակ՝
- ներդրումներ ստանալը
- շուկայում ընդլայնվելը և միջազգային ճանաչում ձեռք բերելը
- նոր հաճախորդներ ներգրավելը
- մարքեթինգի և վաճառքի համապատասխան ռազմավարություններ կիրառելը
- բիզնես համագործակցություններ ձեռք բերելը
- իրավական կանոնակարգերին համապատասխան լինելը, և այլն։
Ծրագրի մասնակիցները կներգրավվեն վերոնշյալ թեմաներով աշխատաժողովների և մարտահրավերների լուծմանն ուղղված այլ միջոցառումների։
Կարդացե՛ք նաև.